Թուրքիայում աննախադեպ ակցիաներ են՝ ի աջակցություն Ստամբուլի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուի
06:25 - 13 մայիսի, 2019

Թուրքիայում աննախադեպ ակցիաներ են՝ ի աջակցություն Ստամբուլի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուի

Մեկ ամիս առաջ Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում, ի զարմանս իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության, ընտրվում է գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։

Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո մոտ 3 շաբաթ կատարված վերահաշվարկներն, այնուամենայնիվ, պատկերը չփոխեցին, ու ԿԸՀ-ն որոշեց ուղղակի չեղյալ հայտարարել արդյունքներն ու նոր ընտրություններ անցկացնել։

Ու հենց այստեղ է մեխը․ նոր ընտրությունների օր նշանակվեց հունիսի 23-ը՝ արձակուրդների շրջան, երբ բնակչության մի զգալի մասն իր հանգիստն անցկացնելիս կլինի ծովում՝ հեռու մնալով Ստամբուլի շոգից։

Սակայն հաշվարկները ձախողվեցին, երկրում սկսվեց միասնության մի հսկայական ալիք։

«Պգեասուս» ավիաընկերությունը անվճար կփոխանակի տոմսերը, եթե չվերթի օրերը համընկնում են ընտրությունների օրվա հետ։ Էգեյան ծովափի հյուրանոցները հայտարարել են, որ այդ օրերին սպասվում է ծովաձկների ներխուժում, ու անվտանգության նկրտումներով խորհուրդ են տալիս մնալ Ստամբուլում։ Միաժամանակ Միջերկրական ծովի հյուրանոցները հայտարարել են, որ այդ օրերին սպասվում է փոթորիկ, ու ելքը դեպի ծով փակ կլինի հունիսի 23-ին։ Ադանայի քաղաքային իշանություններն էլ հայտարարել են, որ իրենց մոտ այդ օրերին սպասվում է աննախադեպ շոգ, ու ավելի լավ է գալ մի փոքր ավելի ուշ։

Բոլորը՝ կազմակերպությունները, տեղական ինքնակառավարման մարմինները, առանձին անհատները, ընդառաջում են․ տեղափոխվում են հարսանիքների, միջացառումների, ճամփորդությունների օրերն ու տոմսերը։ Սոցիալական ցանցերում ուսանողներին առաջարկում են փախհատուցել իրենց տոմսերի ծախսերը, որպեսզի կարողանան գնալ Ստամբուլ ու քվեարկել։

Սա աննախադեպ միասնության ակցիա է Թուրքիայի համար, ու բոլորը շունչը պահած հետևում են դեպքերի հետագա զարգացմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել