Թուրքական ընդդիմադիր թերթի 5 լրագրողներ ազատ են արձակվել բանտից |ermenihaber.am|
10:24 - 13 սեպտեմբերի, 2019

Թուրքական ընդդիմադիր թերթի 5 լրագրողներ ազատ են արձակվել բանտից |ermenihaber.am|

ermenihaber.am։ Թուրքիայում 16-րդ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել ընդդիմադիր Cumhuriyet/«Ջումհուրիյեթ» (թարգմ. Հանրապետություն) թերթի դատավարության բողոքարկման գործով: Որոշման արդյունքում ազատ են արձակվել 5 նախկին աշխատակիցներ, որոնք ամիսներ շարունակ ազատազրկված էին՝ առանց դատարանի վերջնական որոշման առկայության:

Վերաքննիչը փոխել է նաև թերթի նախկին թղթակից Ահմեթ Շըքի մեղադրանքը՝ «ահաբեկչական կազմակերպությանը օգնելը» դարձնելով «ահաբեկչական կառույցի օգտին քարոզչություն»: Թերթի գլխավոր հաշվապահ Էմրե Իփերի պատիժն էլ անփոփոխ է թողել:

Ազատ արձակված լրագրող Մուսա Քարթը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրենց դատավարության դեպքում տեղի է ունեցել լրիվ հակառակ գործընթաց, ինչը որ տեղի է ունենում նման դեպքերում զարգացած երկրներում:

«Ժամանակակից իրավական պետությունում մարդիկ դատապարտվում են, ապա՝ պատիժը կրում: Մեզ մոտ ամբողջովին հակառակը եղավ՝ 9 ամիս Սիլիվրիի բանտում կալանավորված մնալուց հետո միայն կարողացանք դատարանի առջև դուրս գալ: 4.5 ամիս առաջ էլ Քանդըրա բանտ տեղափոխվելիս ասել էինք, որ Ջումհուրիյեթի գործը շարունակվելու է ժողովրդի խղճով: Այդպես էլ եղավ և վերաքննիչի որոշմամբ սխալն ուղղվեց:

Արդեն բոլորը գիտեն, որ վախի մթնոլորտ ստեղծելու համար լրագրողներին բանտարկում են:Ուզում ենք, որ արդեն հասկանան, որ դա ճիշտ ճանապարհ չէ: Թող իմանան ու տեսնեն, որ բանտերը ո՛չ մեր դիրքորոշումն են փոխում, ո՛չ էլ ժպիտը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել