Թոշակը կբարձրանա. Սոցիալական ոլորտի համար նախատեսված է 495.5 մլրդ դրամ ֆինանսավորում |lragir.am|
09:35 - 01 նոյեմբերի, 2019

Թոշակը կբարձրանա. Սոցիալական ոլորտի համար նախատեսված է 495.5 մլրդ դրամ ֆինանսավորում |lragir.am|

lragir.am: 2020 թվականի բյուջեի նախագծով սոցիալական ոլորտի համար նախատեսված է 495.5 մլրդ դրամ ֆինանսավորում, որը 2019 թվականի ցուցանիշը գերազանցում է 10.8 տոկոսով կամ 47.9 մլրդ դրամով: Այս մասին Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նա նշեց, որ ավելացված ֆինանսավորումը նաև ուղղվելու է կենսաթոշակների բարձրացմանը: «Մենք նախատեսում ենք նվազագույն կենսաթոշակի չափը 25 500 դրամի փոխարեն դարձնել 26 500, աշխատանքային և զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը դարձնել 18 000 դրամ՝ ներկայիս 16 000 դրամի փոխարեն և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը առաջին 10 տարվա համար սահմանել 950 դրամ՝ 800-ի փոխարեն»,- ասաց նախարարը: Ծերության, հաշմանադամության, կերակողին կերցնելու դեպքում, ըստ նախարարի, նպաստների չափերը ևս սահմանվել են 26 500 դրամ՝ 25 500-ի փոխարեն:

 Նախատեսվում է, որ հունվարից կբարձրանա 33 646 զինվորական կենսաթոշակառուների և 468 761 աշխատանքային կենսաթոշակառուների կենսաթոշակների չափը: Ընդհանուր թվով 502 հազար մարդու մասին է խոսքը, ասաց նախարարը:

Մյուս կարևոր ոլորտը նպաստի համակարգն է: Այս ոլորտի բարեփոխումների համար աշխատանքային խումբ է ստեղծված վարչապետի հրամանով:

«Եվ մենք այժմ աշխատում ենք գնահատման ցուցանիշների վերանայման ուղղությամբ և տարվա վերջին կունենանք նաև բարեփոխված համակարգի նոր առաջարկ, որը կքննարկենք»,- ասաց Բաթոյանը՝ հավելելով, որ անցնող տարվա ընթացքում արդեն որոշակի աշխատանքներ իրականացվել են հասցեականությունը բարձրացնելու ուղղությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել