Ընդլայնվում է 8-րդ միջոցառման շահառուների շրջանակը․ 68 000 դրամ կարող են ստանալ տրանսպորտի ոլորտի, սպորտային կենտրոնների, մասնավոր մանկապարտեզների աշխատողները. վարչապետ  |tert.am|
19:01 - 15 ապրիլի, 2020

Ընդլայնվում է 8-րդ միջոցառման շահառուների շրջանակը․ 68 000 դրամ կարող են ստանալ տրանսպորտի ոլորտի, սպորտային կենտրոնների, մասնավոր մանկապարտեզների աշխատողները. վարչապետ |tert.am|

tert.am: Հակաճգնաժամային 8-րդ միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվում է. այս միջոցառման շահառու կարող են լինել նաև մասնավոր մանկապարտեզների, սպորտային կենտրոնների, տրանսպորտի ոլորտի աշխատողները։ Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք այսօրվա քննարկումների արդյունքներով հետևյալ որոշումն ենք կայացրել՝ 8-րդ միջոցառման շահառու դարձնել մասնավոր մանկապարտեզների աշխատողներին, մարմնամարզական կամ սպորտային կենտրոնների աշխատողներին, տրանսպորտի ոլորտի աշխատողներին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը մանրամասնեց, տրանսպորտային ոլորտ ասելով՝ նկատի ունի ԱՁ և ՍՊԸ հանդիսացող տրանսպորտային ընկերությունների աշխատողներին։

Հիշեցնենք, որ 8-րդ միջոցառումով միանվագ 68․000 դրամ էին ստանում հյուրանոցային և հյուրատնային, հանրային սննդի ոլորտների, զբոսաշրջային ծառայություններ մատուցող,
վարսավիրանոցների և գեղեցկության սրահների, մանրածախ առևտրի ծառայություններ մատուցող, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն կազմակերպվող ընկերությունների աշխատակիցները։

Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ նպաստառու ընտանիքներին նպաստի կեսի չափով լրացուցիչ միանվագ աջակցություն կտրվի։

«Մինչև հիմա նպաստառու ընտանիքներին դեռևս որևէ աջակցություն չենք հատկացրել այն կանխավարկածով, որ իրենք նպաստ են ստանում։ Այսօր որոշում ենք կայացրել, որ նպաստառու ընտանիքներին նպաստի կեսի չափով կտրվի միանվագ աջակցություն։ Ընդ որում, միանվագ աջակցության 30 տոկոսը կփոխանցվի կոմունալ ծախսերի նրանց հաշվներին, անկախ նրանից, թե նրանք 11-րդ միջոցառման շահառու են, թե ոչ։ Իսկ մնացած մասը առձեռն՝ որպես միանվագ աջակցություն, կտրամադրվի նրանց»,- հայտնեց վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել