Ընդդեմ Հայաստանի ՄԻԵԴ-ի կայացրած վճիռներով ՀՀ պետբյուջեից 1 մլն-ից ավելի եվրո գումար է փոխհատուցվել |aysor.am|
12:06 - 09 հուլիսի, 2019

Ընդդեմ Հայաստանի ՄԻԵԴ-ի կայացրած վճիռներով ՀՀ պետբյուջեից 1 մլն-ից ավելի եվրո գումար է փոխհատուցվել |aysor.am|

aysor.am։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի, կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն արդարադատության փոխնախարարից հետաքրքրվեց՝ որքա՞ն է այսօր ՄԻԵԴ-ում ՀՀ-ի կողմից գումարների փոխհատուցման ծավալը և ո՞ր գործերով են հիմնականում գնում ՄԻԵԴ։

Ի պատասխան փոխնախարար Արտակ Ասատրյանը ներկայացրեց, որ այս պահի դրությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի վրեաբրեյալ 111 գործով վճիռ է կայացվել։ Դրանցից 107 գործով ՄԻԵԴ-ը առնվազն մեկ խախտում արձանագրել է, 4 գործով որևէ խախտում չի արձանագրվել։ Փոխնախարարն ընդգծեց նաև, որ որոշ գործերով բանակցությունների արդյունքում հաշտություններ են կնքվել։

Փոխնախարարի ներկայացրած մեկ այլ տվյալի համաձայն, այս պահին Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարանում կայացված վճիռների հիմա վրա հատուցվել է մոտ 1 մլն 360 000 եվրոյի չափով գումար։

«Ընդհանուր առմամբ, Հայաստանից պահանջվել է 21,5 մլն-ի կարգի գումար, բայց կառավարության առարկությունների արդյունքում չափը նվազեցվել է 1 մլն 360. 000 եվրո։ Այս թիվը ես ասում եմ բոլոր 111 գործերի կոնտեքստում», - նշեց փոխնախարարը։

Նույն պատգամավորի մյուս հարցին, թե կա՞ վիճակագրություն՝ ո՞ր դատավորի կայացրած վճիռներն են ավելի խնդրահարույց, թե՞ այդ դատավորները մի քանիսն են՝ ընդգելով, որ հենց այդ դատավորներն են Հայաստանի հեղինակությանը վնասում։

Ասատրյանն ի պատասխան ասաց, որ նման ուսումնասիրություն չի արվում, հետևաբար՝ վիճակագրություն էլ չկա։

«Պետք է հասկանալ՝ ՄԻԵԴ-ում կայացված վճիռների պատճառները որոնք են եղել. երբեմն պատճառներն օրենսդրական թերի կարգավորումներն են։ Այստեղ պետք է հասկանալ՝ դատավորն ինչ դիտավորություն է ունեցել, այսպես ասած, «անձի իրավունքների խախտման» կոնտեքստում և դրա արդյունքում քննարկել՝ արդյոք կոպիտ դիտավորություն կամ խախտում կա՞, որի արդյունքում կարելի է ներկայացնել համապատասխան կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության, ինչը պարբերաբար քննարկվում է և մեր հսկողության տակ է գտնվում», - ավելացրեց նախարարության պաշտոնյան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել