Էներգախնայողությունը հայ ժողովրդի համար պետք է դառնա ռազմավարական առաջնահերթություն. վարչապետ |tert.am|
12:12 - 20 փետրվարի, 2020

Էներգախնայողությունը հայ ժողովրդի համար պետք է դառնա ռազմավարական առաջնահերթություն. վարչապետ |tert.am|

tert.am: Էներգախնայողության թեման մեր հանրության համար առավել  հասանելի դարձնելու համար մի շատ հայտնի անեկդոտ կա. երբ խոսք է գնում, թե բենզինը թանկացել է, զրուցակիցներից մեկն ասում է՝ ոչինչ, ես միշտ հազար դրամի եմ լցնում: Այս մասին այսօր կառավարության  հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետը, երբ կառավարությունում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացնում էր Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև «ԵՄ-ն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի համար» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին որոշման նախագիծը:

«Էներգախնայողությունն իրականում այս անեկդոտի թեման լրջացնելու մասին է, որովհետև այսօր մենք բոլորս աշխատավայրերի, տների տաքացման և հովացման համար ծախսում ենք իքս գումար և այդ իքս գումարը կարող է նվազեցնել որոշակի թվով, եթե մենք լուրջ ներդրումներ անենք էներգախնայողության համար: Պատկերավոր ասած, եթե մենք բնակարանի ջեռուցման համար ծախսում ենք հազար դրամ, էներգախնայողության ներդրում անելու դեպքում, ենթադրենք, կծախսենք յոթ հարյուր դրամ և օրինակ՝ էներգակիրների հնարավոր թանկացումները լուրջ ազդեցություն չեն ունենա մեր ծախսերի, բյուջեի վրա: Էներգախնայողությունը հայ ժողովրդի համար պետք է դառնա ռազմավարական առաջնահերթություն»,-ասաց վարչապետը:

Մհեր Գրիգորյանը նշեց, որ նախագծում նախատեսված 17 միլիոնը գրանտներ է, խոսքը մանրածախ վարկերի մասին է: Չի բացառվում, որ և´ համաֆինանսավորում, և´ տոկոսի զրոյացում լինի, իսկ վարչապետը նշեց, որ այդ նախագիծը մարդկանց հնարավորություն կտա վարկային միջոցներ ներգրավել իրենց տունը էներգախնայող դարձնելու համար:

«Եթե այս ծրագրի դիզայնն անենք, լավ ծրագիր է լինելու, և եթե այս ծրագիրը շարժվի, ես վստահ եմ, որ մենք այլ ռեսուրսներ կմոբիլիզացնենք, քանի որ եթե, օրինակ՝ լամպեր փոխենք, այլ նորմերին հետևենք, դա 20-30 տոկոս ընտանիքի ծախսերը նվազեցնում է»,-ասաց Մհեր Գրիգորյանը:

Վարչապետը հարցրեց, թե հիմա հնարավորություն կա՞ 2020 թվականն այդ համատեքստում համարել էներգախնայողության տարի, Մհեր Գրիգորյանը դրական պատասխանեց, իսկ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ավելացրեց, որ պետք է համարել էներգախնայողության մեկնարկային տարի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել