Զբոսաշրջություն․ պաթոսի բիզնեսը [Challenge 3.1 | Գևորգ Բաբայան]
22:51 - 19 մարտի, 2020

Զբոսաշրջություն․ պաթոսի բիզնեսը [Challenge 3.1 | Գևորգ Բաբայան]

Բաբայան Գևորգ

Բացառիկ ոլորտ, ուր պարտադիր ինքդ պետք է լինես հաճախորդ, որ կարողանաս հաջողակ բիզնես ունենալ․․․

Այո՛, խոսքը զբոսաշրջության մասին է, առաջադեմ, զարգացած և հաճախորդակենտրոն զբոսաշրջության մասին։ Մի անհանգստացեք, ձեզնից շատերը այն չեն տեսել։ Բայց․․․ բայց եկեք բացահայտենք։

Ճանապարհորդությունը մշտապես եղել է մարդկության զբաղմունքներից մեկը, նախապատմական ժամանակներում հավաքչության, կամ որսի նպատակներով մարդկային ցեղերը մշտապես շարժման մեջ են եղել։ Նստակյաց կյանքից հետո է ճանապարհորդությունը դառնում մասնագիտական, քանի որ այն այլևս կենսակերպի մաս չէր։ Կենսակերպին մենք դեռ կանդրադառնանք։

Հենց այնպես, ո՛չ, անգամ հենց այսպես, այո՛, ճանապարհորդել հանուն ճանապարհորդելու, գնալ, թափառել, ճանաչել, հոգնել, մոլորվել ու գտնել այլոց, ինչ-որ միջատից ոգեշնչվել, հիասթափվել ողջ մարդկությունից, կախվածություն ձեռք բերել հանրային կեղտոտ զուգարաններից։ Ճանապարհորդել հանուն ճանապարհորդելու։ Երբ հասկանաք, որ ունեք նշված ախտանիշները, ուրեմն զգում եք այս բիզնեսը։

Եթե մինչ 2000-ականների սկիզբը ճանապարհորդելը համարվում էր կամ ճոխություն, կամ արկած, ապա այժմ ճանապարհորդելով ոչ մեկին չես զարմացնի։ Զարգացած երկրներում եղանակից հետո ամենաշատ քննարկվող հարցը, ճանապարհորդությունն է։ Փողոցներում, ամենուր կարող ես լսել, թե ինչպես են երկու հոգի կամ պատմում իրենց ճանապարհորդության, կամ ծրագրվող ուղևորության մասին։ Instagram-ում travel hashtagը ունի 477 մլն հղում, սա լուրջ թիվ է, ուղիղ չափիչ՝ հասկանալու, որ այլևս ճանապարհորդությունը կենսակերպ է։

Ճանապարհորդելու ընթացքում ինքդ քեզ ճանաչելը ամենաթրենդային ասացվածքներից է։ Ճանապարհորդության ընթացքում է, որ մարդիկ «ճանաչում» են իրենց, «ճանաչում» են իրենց ընկերներին։ Նման ասացվածքները մեկը չեն և կան գրեթե բոլոր լեզուներով։ Սա ենթադրում է, որ ճանապարհին լինում են արկածներ և թե ով ինչպես է արձագանքում դրանց, այդպիսով բացահայտում է այդ անձի որպիսությունը։ Ճանապարհորդելիս գտնում ես քեզ ու կորցնում, հասկանում, որ դու ինքդ այնքան դեմքեր ունես, այնքան թաքուն խութեր, որոնց մասին երբեք չէիր գիտակցում։

Ճանապարհորդում են, որպեսզի ոգեշնչվեն, սիրահարվեն, բաժանվեն: Ճանապարհորդում են դեպրեսիայից դուրս գալու համար։ Ճանապարհորդում են, որպեսզի փոխեն իրենց կենսակերպը, այլ տեսարաններ և մշակույթ տեսնեն, այլ հարաբերություններ ապրեն, այլ հոտեր և գույներ բացահայտեն։

Ճանապարհորդում են, որպեսզի պարծենան, սա երևի թե ամենամեծ խթանն է։ Այս կետի վրա է հենված տուրիզմի ողջ ոլորտը։ Ինչպես ապահովել այնպիսի ծառայություն, որ քո մասին տեղեկանան ու գլուխ գովեն։ Այնպես անել, որ քո հյուրը կարողանա իր ընկերներին ասել, թե ինչպիսի հրաշալի վայրում է եղել, ինչպիսի  մարդկանց հետ է շփվել, ինչպիսի համեղ սնունդ է համտեսել և ընդհանրապես ինչպիսի մաքուր օդ է շնչել։

Yes is more-ն նոր շարժում չէ, բայց նոր է դրա սահմանումը և տարածումը։ Այս մտածելակերպը դեռևս 19-րդ դարում յուրացրել են դանիացիները, բայց մենք ՈՉ-ի հասարակություն ենք։ Մեզ մոտ ցանկացած նոր երևույթ սկզբից ՈՉ-ի է առնչվում, մերժման, և միայն հետո՝ այն կառավարելու կամ դեպի դրականն ուղղելու։ Օրինակ, աստիճանների բազրիքները, որոնք պաշտպանիչ դեր ունեն, ինչպեսև մեծ գայթակղություն են իրենց վրայով սահելու։ Ես ողջ կյանքում ցանկացել եմ սահել դպրոցի աստիճանների բազրիքի վրայով, բայց կամ այն լավ վիճակում չէր կամ էլ թույլ չէին տալիս։ Դանիայում որոշել են, որ դպրոցում իրենք դրանք կդարձնեն հասանելի սահելուն, դարձնելով ավելի ապահով և չկտրատվող։ Այսպիսով նրանք արագացնում են ուսանողների տեղաշարժը տարածքում, դարձնում այն ավելի զվարճալի և ուրախ։ Ինչպե՞ս կարող է պետությունը իր քաղաքացուն պարգևի զվարճանք և միաժամանակ արդյունավետություն միայն ԱՅՈ ասելով այնպիսի երևույթի, որին ողջ աշխարհը ասում է ՈՉ։ Սրա համար է, որ պետք է ճանապարհորդել, հասկանալու, տեսնելու, համեմատելու և գնահատելու այս տարբերությունները։

Շատ են ճանապարհորդում  արվեստի մարդիկ, քանի որ իրենց բնակության վայրում ոգեշնչումները մարում են, դառնում սովորական և նոր հույզերի ալիքը միայն տարբեր կենսական վիճակներում են ունենում։ Անգամ բացահայտումների համար են ճամփորդում։ Օլաֆուր Էլիասսոնի մասին գուցե շատերը չեն լսել, բայց նա գիտի Երևանի մասին։ Էլիասսոնը ժամանակակից արվեստի ամենավառ և ամենայուրահատուկ դեմքերից է։ Երբ նա վավերագրական ֆիլմում խոսում է գույների և արևի գույնի մասին, դա անում է էմպիրիկ մեթոդով։ Սպիտակ թղթի կտորը տարբեր երկրներում արևի լույսին պահելով, ակնառու է դառնում տարբերությունը։ Եվ գուշակեք, ո՞ր երկրի արևից էր նա նաև օգտվել, այո՝ Երևան, Կասկադ։

Քրիստոֆեր Նյումանը (մեկ այլ հայտնի իլյուստրատոր և դիզայներ) մի ամբողջ շարք է թողարկում յուրաքանչյուր երկիր ճանապարհորդելուց հետո։ Անցյալ տարի WCIT համաժողովում Քիմ Քարդաշյանը նշեց, որ երբ լճացում է զգում, անմիջապես ցանկանում է ճանապարհորդել նոր գաղափարներով, նոր մտքերով ոգեշնչվելու համար։

Ահա և շուկան, ի՞նչ է պետք անել ճանապարհորդողին գրավելու համար, խելացի անձնավորությունը կնշեր, որ, օրինակ՝ Էլիասսոնը ոգեշնչվել էր Հայաստանի արևով, կգտներ այն պատկերները, որոնք Նյումանը ներկայացրել է իր սքեչներում Կամբոջայից և կտաներ հյուրերին այդ վայրեր, կքրքրեր Քարդաշյանի զգեստապահարանը և ինչ-որ կերպ հղում կաներ հայկական զարդերին։ Ամեն ինչ կարող է լինել որպես զբոսաշրջային արդյունք՝ արևի լույսից մինչեւ լուսնի լույսի տակ համբուրվելը։ Սահմանափակումները մենք ենք դնում, տեղացիներս՝ չգիտակցելով մեր կենսակերպի ամենասովորական երևույթների հետաքրքրությունը օտարների համար։ Մի խոսքով, ցանկացած տարր կարելի է ներկայացնել յուրահատուկ կերպով, եթե հետաքրքիր պատմություն կա պահեստում։

Ո՞րն է հաջողված ծառայությունն այս ոլորտում։ Շատ միատարր և միանման է բիզնես հարթակը։ Խիզախներ չկան այստեղ, մեծամասնությունը տարրական բիզնեսի բյուրոկրատներ են, խիզախները մեծ բիզնեսների չեն հասնում։  

Պատմամշակութային, ճարտարապետական կոթողները, հանրահայտ արվեստի գործերը և բնության հրաշալիքները հաղթում են այս ոլորտում։ Փաստացի՝ շենքն ու անշունչը ավելի մեծ հետաքրքրություն են ներկայացնում ճանապարհորդողների համար, քան ապրող և փոփոխվող մշակույթները։

Ոչ ոք չի կարող ասել, որ այցելել է Հայաստան 1990-ականներին և հիշում է, թե ինչպես էին իրար բարևում այն ժամանակ և 10 տարի հետո ինչ է փոխվել։ Սա մտածելու տեղիք է տալիս։ Մենք հասկանում ենք, որ ճանապարհորդելով չենք ճանաչում մշակույթը, իրական կենսակերպը, այլ այն, ինչ դրված է ցուցափեղկին ցանկացած երկրի համար։

Երևակայական վաճառատանը մենք առևտուր ենք անում, գնում և վաճառում, բայց դա մեր իրականությունը չէ։ Քավ լիցի, ո՞վ է տանն ամեն օր խորոված կամ հարիսա ուտում, ի՞նչ կասեք տապակած կարտոֆիլի մասին կամ վերմիշելով փլավի։ Վստահ եմ, դրանք ամենատարածված կերակրատեսակներից են մեր հայրենակիցների տներում։ Ստացվում է, որ սրա՞նք են մեր ազգային կերակրատեսակները այս պահին։ Ինչո՞ւ ռեստորանները չեն փորձում արտահայտել իրականությունը իրենց ճաշացանկում։

Աբսու՞րդ է, շատերը կարող են գտնել, որ վերոնշյալը աբսուրդ է, բայց դա իրականությունն է։ Ես Բուդապեշտում մեկ շաբաթ եմ անց կացրել, հրաշալի սնվել եմ, հիանալի կերակրատեսակներ համտեսել հոյակապ ռեստորաններում, բայց եթե հարցնեք, թե ի՞նչ են ուտում հունգարացիները իրենց տանը՝ ես չգիտեմ։ Եվ այդպես բոլորը․․․

Ցուցափեղկերում շատ է պաթոսը, բոլոր երկրներում, երբ խոսում ես որևէ զբոսավարի հետ, ապա սկսում են իրենց երկրի ամենա-ամենաներից խոսել, դե իսկ Հայաստանում դա հատուկ թեմա է։ Մերոնք ոգեշնչված և հետևողականորեն պատմում են, որ Հայաստանը դրախտի չորս գետերի սկզբնաղբյուրն է։ Այստեղ է եղել ԴՐԱԽՏԸ։ Եվ հենց այդ նույն պահին, երբ հնչում է «ԴՐԱԽՏ» բառը, այդ նույն զբոսաշրջիկը տեսնում է կեղտոտ փողոցներ, անկիրթ երիտասարդներ՝ իրենց մետաղե կառքերը ճռռացնելով՝ ռաբիզը քոքած, անճաշակ շինություններ, փոշի ու էլի փոշի և խորհել, թե ինչպես է հնարավոր դրախտից ստանալ ՍԱ։ Շովինիզմը և պաթոսը զբոսաշրջության ամենակիրառվող գործիքներից են, համատարած։

Չկա մարդկանց զգայական ընկալումների գիտակցում, մենք չենք կարողանում համատեղել երկու կամ ավել զգայարանների վրա ազդելու գործողություններ։ Մեր երկրում շատ սահմանափակ են հիացականության վրա ազդելու գործիքները, կամ միայն համն է, կամ միայն համը և տեսողականը, բայց շատ հազվադեպ է որ և համը և տեսողական ու լսողական զգայարանները հիացմունք են արտահայտում, փորձեք պատկերացնել, թե դա ինչպիսի միջավայր է ձեզ համար և փորձեք անկեղծորեն ասել, թե դուք երբ եք սնվել այնպիսի միջավայրում ուր և հրաշալի սնունդ էր, և հրաշալի տեսարան և հրաշալի ձայնային միջավայր։ Խնդրում եմ նշեք մոտակա սրճարանը այդպիսի կարողություններով։ Չկա, կամ էլ կարելի է մատների վրա հաշվել։

Նույնը կարելի է ասել զբոսանքների, շրջագայությունների մասին։ Արդյոք դուք 360 աստիճանով տեսնո՞ւմ եք ձեր հյուրերին, հասկանո՞ւմ եք, թե նրանք ինչպիսի տրամադրությամբ են եկել ձեզ մոտ, ինչ մտքերով, արդյոք դուք կարողանո՞ւմ եք դրանք կառավարել։ Կառավարու՞մ եք արդյոք լսողական, տեսողական, շոշափելիքի զգայարանները, էսթետիկ և բովանդակային կողմերը։ Ո՞վ ունի նման ծառայություն, խնդրեմ գրեք և նշեք, թե դուք ինչպես եք հիացնում ձեր հյուրերին ամեն վայրկյան, այո, ամեն վայրկյան, երբ նա ավտոբուսի մեջ է, ավտոբուսից իջնում է, քայլում է, կանգնած է, նստած է։ Արդյոք դուք կառավարո՞ւմ եք այս ամբողջը։

Գնանք ավելի հեռու, իսկ դուք կարողանու՞մ եք ազդել նրանց հիշողության վրա, երբ նրանք արդեն մեկնել են, կարողանու՞մ եք կառավարել նրանց տրամադրությունը մինչև ձեզ հետ հանդիպելը։

Սա դեմագոգիա չէ, սա նշաձողն է։ Եթե դուք  չափազանց նախանձախնդիր չլինեք ձեր բիզնեսի նկատմամբ, ապա լավ ծառայություն չեք կարողանա մատուցել։ Խոսքն ընդհանրապես ճոխ և թանկարժեք ծառայությունների մասին չէ։ Եթե ձեր առաջարկած ծառայությունները (պրոդուկտները) էկոնոմ խմբի են, նշանակում է որ քիչ քանակությամբ ծառայություններ են մատուցվում, սակայն դա չի նշանակում, որ որոշների բացակայությունը պետք է խնդիր հարուցի հարմարավետության առումով։ Այս ամենը պարտավորեցնում է, որ մնացած մատուցվող ծառայություններում դուք պետք է գերազանցեք անգամ թանկարժեք կազմակերպություններին, քանի որ դա ձեր միակ գործիքն է։

Իհարկե կան ամեն տարի հայտարարվող թրենդեր, կազմակերպություններ, որոնք ունեն տվյալների մեծ բազաներ, կարողանում են վերլուծել ճանապարհորդողների նախասիրությունները։ Դրանք միաձայն և միանշանակ ուղղորդում են տեղական փորձառությունների։ Airbnb, Tripadvisor-ը և բոլոր մյուս հայտնի կազմակերպությունները փոփոխում են իրենց բառապաշարը և շրջագայություն (tour) բառի փոխարեն օգտագործում  փորձառությունը (experience)։ Դա իր հերթին ենթադրում է այլ տեսակի ծառայություններ և միջոցառումներ։ Հայաստանում եկեք ասենք, որ այդպիսիք չկան։

Բայց հարցը անգամ բառապաշարը չէ, այլ այն, ինչը մենք ներկայացնում ենք։ Միանմանություն, կրկնօրինակում, միապաղաղություն։ Ոչ ոք չի փորձում ճեղքել շուկան, խզում մտցնել իրականության մեջ։ Շուկան երբեք չի զարգանում քանի չկա խաթարում։ Քանի մենք բոլորս համարում ենք մեզ լավագույնը, լավագույն զբոսավարը, լավագույն տուր մենեջերը, լավագույն վարորդը, լավագույն․․․ սակայն իրականում՝ միջակություն։

Հետաքրքիր է, թե որն է լինելու հաջորդ քայլը զբոսաշրջության ոլորտում, ընդհանրապես աշխարհում։ Անգամ եթե խոսում ենք զարգացած երկրների մասին, այնտեղ նույնպես բովանդակային առումով մեծ չէ տարբերությունը։ Ճիշտ է, սկսել են ի հայտ գալ արհեստական ինտելեկտի, պերֆորմանսների, կենդանի թատրոնների միջոցառումներ։ Սակայն իրենց ընդունելությամբ հանդերձ՝ դրանք համատարած չեն։

Պետք է կարողանանք կառավարել հյուրի հույզերն ու զգացողությունները հնարավորինս համալիր և հետևողական։ Այս առումով շատ արդյունավետ է աբսուրդիզմն ու սյուրռեալիզմը։ Առաջինը հյուրին դնում է անհարմար վիճակի մեջ, սակայն եթե կարողանում ես հետո այն հումորով համեմել, ապա աննման ճաշատեսակ է։ Օրինակ՝ խնդրում եմ, որ իմ հյուրերը աղոթեն մեր կառավարության համար, երբ մենք գտնվում ենք Հանրապետության Հրապարակում։ Այո,՛ աբսուրդ է, այո,՛ զավեշտ է, բայց ուրիշ էլ ո՞ր երկրում դուք կարող եք ասել, որ զբոսավարը ձեզ խնդրեց աղոթել կառավարության համար, որպեսզի նրանք լավ աշխատեն։

Տարբեր իրականության համադրությունները, անհամատեղելիությունների համադրությունները նույնպես շատ արդյունավետ են։ Կենդանի թատրոններ անվերջ կարելի է տեսնել հանրային տրանսպորտում։ Ինչպե՞ս են մարդիկ հաղորդակցվում, հարաբերվում, ինչո՞ւ են կանգնում այս կամ այն վայրում, նստում այս կամ այն նստարանին։ Սրանք հարցեր կամ տարրեր են, որոնք բացահայտում են տվյալ ժողովրդի այդժամանակյա մշակույթը և կենսակերպը։ Չկա ավելի հզոր, հաղթական հայացք, քան միջին տարիքի կնոջ դեմքը, երբ նա, բարձրանալով ավտոբուս, կարողանում է «զավթել» միակ ազատ նստատեղը։ Սրանք խորը, շատ խորը ազդակներ են ներկայացնելու, որ այդ երկրում «շնից մազ պոկելը» առաջնային փիլիսոփայություն է։

Ազորյան կղզիներում, և ընդհանրապես փոքր կղզիներում մարդիկ ոչ մի տեղ չեն շտապում, ինչը կարելի է տեսնել իրենց առօրյայում։ Հայերով լցված օդանավում, դեռ վայրէջք չկատարած, կտեսնես որ մարդիկ արդեն շտապում են, որպեսզի իրենց պայուսակները հանեն, հնարավորինս առաջ անցնեն, ապա այնտեղ օդանավ նստելիս մարդիկ պարզապես միջանցքում կանգնած էին գրեթե հինգ րոպե և ոչինչ չէին անում։ Ոչ ոք չէր խոչընդոտում, որ առաջ շարժվեին, մեկը պարզապես կանգնել էր, մյուսներն էլ հետևել էին նրա օրինակին։ Սպասում էին․․․

Հասարակությունները բաժանվում են ենթախմբերի, իսկ սոցիալական մեդիաները օգնում են դրանց։ Մենք սկսում ենք ճանապարհորդել մի ենթախմբից մյուսը, բացահայտել այս կամ այն խմբի առանձնահատկությունները։ Սա մեկ այլ թրենդ է։ Չեմ խոսում անգամ TikTok-յան hype house-ների մասին։ Ինչպե՞ս ենք մենք Հայաստանում արձագանքում դրանց, ի՞նչ ենք առաջարկում նոր սերունդներին որպես ճանապարհորդ։ Սրանք բաց հարցեր են, ոչ հռետորական, բավական հստակ չափման միավորով՝ փողով։

Հետգրություն. Մարտահրավերը փոխանցում եմ Սիրանուշ Փիլոյանին թեման զարգացնելու, բանավիճելու, կամ հակափաստարկելու համար։


Նվիրաբերել Ինչպե՞ս է աշխատում համակարգը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել