Զբոսաշրջության ոլորտում վնասներ են կրում բոլորը. առաջարկվում են աջակցության ծրագրեր
 |armtimes.com|
19:37 - 30 մարտի, 2020

Զբոսաշրջության ոլորտում վնասներ են կրում բոլորը. առաջարկվում են աջակցության ծրագրեր |armtimes.com|

armtimes.com: Զբոսաշրջությունը կորոնավիրուսի հետեւանքով ամենատուժած ոլորտներից է, եւ այս պահին զբոսաշրջային այցելությունների քանակը Հայաստանի Հանրապետությունում եւ ամբողջ աշխարհում հասնում է զրոյի, հետեւաբար զբոսաշրջության ոլորտում վնասներ են կրում թե՛ մասնավոր ներկայացուցիչները, թե՛ անհատ ձեռնարկատերերը, որ ներգրավված են եղել զբոսաշրջային ծառայությունների մատուցման բնագավառում, թե՛ հյուրատները եւ թե՛ հյուրանոցները, որոնց հիմնական սպառողը եղել են զբոսաշրջիկները:

Այդ իսկ պատճառով կառավարությունը զբոսաշրջության ոլորտի համար նախատեսել է աջակցության ծրագրեր, որոնց մասին այսօր ասուլիսում խոսեց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը: Ըստ նրա՝ առաջին միջոցառմամբ սահմանվում է համավարկավորում կամ վերավարկավորում։ Մասնավոր հատվածի ներկայացուցիչները կարող են դիմել համավարկավորման եւ ստանան որոշակի ծրագրի 50 տոկոսի չափով վարկ՝ իրենց կողմից 50 տոկոս վարկային միջոցների ներդրման դեպքում։

Սա նրանք կարող են օգտագործել իրենց աշխատակիցներին աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարներ կատարելու, պետական կամ համայնքային վճարների, տուրքերի (օրինակ՝ իրենց կոմունալ ծառայությունների վճարման) համար: Աջակցության նախագիծը հասանելի է gov.am կայքում: «Սա թերեւս կարող է մի փոքր մեղմացնել այն կորուստները, որ այս ոլորտում աշխատողները կրում են, այնուամենայնիվ, չի ծածկում այն պահանջարկը կամ աջակցության այն կարիքը, որ նրանք ունեն»,- նշեց Սաֆարյանը:

Վարկավորման աջակցությունը նախատեսում է վարկավորել այն գործունեության սուբյեկտներին, որոնց շրջանառությունը 24-500 մլն դրամի շրջանակում է. այս ծրագրով մարման ժամկետը 36 ամիս է, որի առաջին 6 ամսվա ընթացքում վճարումներ նախատեսված չեն, տոկոսավճարներ չկան, որից հետո 24 ամիս վարկառուն կշարունակի վճարել մայր գումարն առանց տոկոսի, եւ միայն վերջին 6 ամսվա համար 12 տոկոս տոկոսավճար է նախատեսված: Վաղաժամկետ վճարման դեպքում, բնականաբար, երրորդ տարվա տոկոսավճարը չի գանձվում, եւ, ըստ այդմ, կարող է շահավետ լինել այն բիզնեսների համար, որ կկարողանան երկու տարում մարել վարկը:

Աջակցության եւս մեկ նախագիծ աշխատակիցների աշխատավարձերի վճարումներին է ուղղված՝ նվազագույն աշխատավարձի չափից մինչեւ 136 հազար դրամի չափով՝ կախված աշխատավարձի մեծությունից. յուրաքանչյուրի համար գործում է հաշարկման տարբեր մեխանիզմ:

«Թեպետ այս նախագծերով որոշակի աջակցություն է տրամադրվում, սակայն զբոսաշրջության ոլորտում գործող մի շարք սուբյեկտներ չեն օգտվում այս ֆոնդերից. նրանց համար դեռ քննարկվում են այլ առաջարկներ»,- ասաց Սաֆարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել