Զբոսաշրջության կոմիտեն հորդորում է չինացի տուրիստների նկատմամբ չցուցաբերել ավելորդ զգուշավորություն |armenpress.am|
10:09 - 01 փետրվարի, 2020

Զբոսաշրջության կոմիտեն հորդորում է չինացի տուրիստների նկատմամբ չցուցաբերել ավելորդ զգուշավորություն |armenpress.am|

armenpress.am: ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեն հորդորում է Հայաստանում Չինաստանի քաղաքացիների հանդիպելիս չցուցաբերել ավելորդ զգուշավորություն, նրանց չպատճառել անհարմարություն, վստահ լինել, որ կորոնավիրուսի տարածման ռիսկը կանխելու նպատակով անհրաժեշտ գործողությունները կատարվում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը:

«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կորոնավիրուսի տարածման ռիսկ կա՝ չնայած Հայաստանն այս առումով համարվում է ցածր ռիսկային գոտի: Այնուամենայնիվ, կանխարգելիչ միջոցառումներ այստեղ ևս իրականացվում են: Կատարվում են ուժեղացված հետազոտական աշխատանքներ: Վարակի ռիսկ ունեցող բոլոր քաղաքացիներն անցնում են հետազոտություն, որն ինչ-որ չափով կանխարգելում է ռիսկի տարածումը Հայաստանում: Ուզում եմ հորդորել ծառայություն մատուցող և առհասարակ բոլոր քաղաքացիներին, որոնք երբևէ կառնչվեն ՀՀ մուտք գործած Չինաստանի քաղաքացիների հետ, ավելորդ զգուշավորություն չցուցաբերել, վստահ լինել, որ անհրաժեշտ գործողությունները կատարվում են և անհարմարություն չպատճառել մեր հյուրերին»,- ասաց Սաֆարյանը:

Կոմիտեն չինացի զբոսաշրջիկներից այս օրերին զգուշավոր վերաբերմունքի վերաբերյալ կոնկրետ բողոքներ չի ստացել, այնուամենայնիվ, եղել են խոսակցություններ: Սաֆարյանը վստահեցրեց՝ ամեն ինչ արվում է պետական մակարդակով, հնարավոր բոլոր ռիսկերը կանխարգելվում են, Չինաստանից զբոսաշրջային այցելությունները վերահսկվում են երկրի ողջ տարածքում: «Հետևաբար, որևէ այլ վտանգ չկա: Եթե վտանգի ռիսկ առկա լիներ, տվյալ մարդիկ քաղաքի այդ հատվածում կամ մարզում չէին լինի»,-ասաց նա:

Սաֆարյանը նաև հորդորեց առաջիկա երկու ամսում ձեռնպահ մնալ Չինաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ զբոսաշրջային այցեր կազմակերպելուց և տուրփաթեթներ վաճառելուց:

Նա նշեց՝ ամենօրյա կտրվածքով Հայաստանում լինում են Չինաստանի քաղաքացիների այցեր: Սաֆարյանը նաև նկատեց, որ ռիսկը պայմանավորված չէ միայն Չինաստանի քաղաքացիներով, քանի որ այն տարածվել է արդեն այլ երկրներում:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել