data.hetq.am: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի վերջին հայտարարագրերում նրա եկամուտները ներկայացված չեն։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, հիմք ընդունելով մեր գրավոր հարցումը, խոստացել է ուսումնասիրել նրա հայտարարագրերը։ 

Զարուհի Բաթոյանն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում աշխատանքի է անցել 2018 թվականին։ Պաշտոնը ստանձնելուց հետո նա բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չորս հայտարարագիր է ներկայացրել։ Դրանցից միայն առաջինում՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում, կարելի է տվյալներ գտնել Բաթոյանի եկամուտների վերաբերյալ։ Ըստ այդ հայտարարագրի՝ Բաթոյանի եկամուտն այդ ժամանակ եղել է 887 000 դրամ աշխատավարձը։

Զարուհի Բաթոյանի ներկայացրած առաջին հայտարարագրում երևում է 945 հազար դրամ ֆինանսական միջոց։ Դրանից երեք ամիս անց ներկայացրած տարեկան հայտարարագրում նախարարի միջոցները ավելացել են 3 միլիոն 460 հազար դրամով՝ դառնալով 4 միլիոն 404 հազար դրամ։

Թե ինչ աղբյուրներից են ավելացել Զարուհի Բաթոյանի ֆինանսական միջոցներն, անհայտ է, քանի որ նա չի հայտարարագրել եկամուտները։

Data.hetq.am-ը գրությամբ դիմել է նախարար Բաթոյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու չի հայտարարագրել եկամուտները։ Նախարարը եկամուտները չհայտարարագրելու հանգամանքը պայմանավորել է տեխնիկական պատճառով։

«Ի տարբերություն մյուս դաշտերի՝ եկամուտների վերաբերյալ դաշտը նշված չի եղել որպես պարտադիր և համակարգը թույլ է տվել չլրացնել դրանք, ուստի բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի եկամուտները չեն հայտարարագրվել սխալմամբ և տեխնիկական խոտանի պատճառով»,- հայտնել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Մենք նախարարից խնդրել էինք նաև ներկայացնել 2018 թվականից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած չորս հայտարարագրերի եկամուտները՝ նշելով դրանց ստացման աղբյուրները։ Վերջինս, սակայն, այդ հարցին չի պատասխանել։ 

Data.hetq.am-ը գրությամբ դիմել է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ հետաքրքրվելով, թե արդյոք պաշտոնատար անձի եկամուտների հայտարարագրումը պարտադիր է։ Հանձնաժողովից պարզաբանել են, որ «Հանրային ծառայության մասին օրենքով»՝ հայտարարագրում լրացվում են անձի եկամուտները՝ նշելով դրանց տեսակներն ու ստացման աղբյուրները։ 

Շարունակությունը՝ data.hetq.am կայքում։