Զարուհի Բաթոյանը կարևորել է արհմիությունների և գործատուների միության միջև սերտ համագործակցությունը
15:45 - 03 մայիսի, 2019

Զարուհի Բաթոյանը կարևորել է արհմիությունների և գործատուների միության միջև սերտ համագործակցությունը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը:

Նիստին մասնակցել են Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, Հայաստանի գործատուների հանրապետական միության և կառավարության անդամներ։ Օրակարգում ներկայացվել և քննարկվել են աշխատողների առողջության պահպանման ու անվտանգության ապահովման ոլորտում իրականացված աշխատանքները, «Արժանապատիվ աշխատանք» ծրագրի դրույթները և այլն։

«Կարծում եմ՝ այսօր քան երբևէ, մեզանից ակնկալիքները մեծ են Հայաստանում։ Գիտեք, որ նոր կառավարությունը կարևորում է աշխատանքի խրախուսումը, և դա չի տեսնում առանց աշխատանքային իրավունքների պաշտպանության։ Այս իմաստով լուրջ անելիք ունենք՝ ավելի մեծ շեշտադրում անելու աշխատանքային իրավունքների, աշխատանքային պայմանների պահպանման և, իհարկե, բոլոր գործընթացները միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ, որովհետև ես վստահ եմ, որ մեր պրակտիկան իրականում շատ ավելի լավն է, քան արտահայտված է իրավական ակտերում»,- նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նախարար Բաթոյանը կարևորել է արհմիությունների և գործատուների միության միջև սերտ համագործակցությունը, և շեշտել, որ կառավարությունը պետք է ապահովի այնպիսի պայմաններ, որպեսզի այդ սոցիալական գործընկերությունը կայանա հնարավորինս ազատ, անկախ և անկաշկանդ միջավայրում։ Նախարարը նաև խրախուսել է գործընկերների նախաձեռնողականությունն ու առաջարկներ ներկայացնելու պատրաստակամությունը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը ներկայացրել է «Արժանապատիվ աշխատանք» ծրագիրը. «Բավականին մեծ աշխատանքներ կատարելուց հետո, մայիսի 14-ին պատրաստվում ենք ստորագրել «Արժանապատիվ աշխատանք» քառամյա ազգային ծրագիրը, որը մեծ համագործակցության շրջանակներ է բացելու Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ»,- ասել է պարոն Սարգսյանը։

Նա ներկայացրել է ծրագրի գերակայությունները և սպասվող արդյունքները, որոնք մշակվել են երեք կողմերի հետ խորհրդակցությունների արդյունքում։ Ըստ այդմ, ենթադրվում է կատարելագործել աշխատանքային իրավահարաբերությունները կարգավորող մեխանիզմները, բարելավել զբաղվածության քաղաքականությունն ու ամրապնդել սոցիալական երկխոսությունը և կոլեկտիվ բանակցությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել