Երևանում բացվեց «Լույսի մոլորակ» մոր և մանկան կոնֆերանս- ցուցահանդեսը
09:01 - 23 մարտի, 2019

Երևանում բացվեց «Լույսի մոլորակ» մոր և մանկան կոնֆերանս- ցուցահանդեսը

«Երևան էքսպո» կենտրոնում հանդիսավորությամբ բացվեց  «Լույսի մոլորակ» մոր և մանկան կոնֆերանս-ցուցահանդեսը: Միջոցառումն անցկացվում է «Իմ քայլը» հիմնադրամի հովանու ներքո, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ, «Վորլդ Վիժն»-ի մասնակցությամբ: Ցուցահանդեսի բացման խորհրդանշական կարմիր ժապավենը կտրեցին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:

Միջոցառման համակազմակերպիչ Մարիաննա Գալստյանը նշեց, որ եզակի ձևաչափով այս միջոցառումն ուղղված է ծնողներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրմանը, երեխայի դաստիարակությանն ու զարգացմանը: Կոնֆերանս-ցուցահանդեսը ներառում է մի ամբողջ օր տևողությամբ բաց և անվճար դասախոսությունների շարք ծնողների, երեխաների հետ աշխատող մասնագետների համար:

Ներկաներին ողջունեց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ նշելով, որ մեծ ուրախությամբ է մասնակցում այս միջոցառմանը:
«Այն, ըստ էության, աննախադեպ է Հայաստանում: Առաջին անգամ է, որ նման բովանդակությամբ խոշոր ցուցահանդես է անցկացվում, որտեղ հնարավոր է գտնել երեխաների խնամքին, զարգացմանը վերաբերող բազմաթիվ հարցերի պատասխանները: Հայ մայրերը պետք է հնարավորություն ունենան մասնագետների հետ քննարկել երեխայի խնամքի հետ կապված հարցերը, ինչին էլ ուղղված է այս հարթակը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Աննա Հակոբյանը:  Նա ընդգծեց, որ նպատակ ունեն նման միջոցառման անցկացումը դարձնել և՛ ավանդական, և՛ ապահովել հասանելիություն այլ մարզերի բնակիչների համար: 

Միջոցառմանը մասնակցում են այսօր Հայաստանում գործող մի շարք կրթական համալիրների, զարգացման, հոգեբանական և ֆիզիկական առողջություն ապահովող կենտրոններ: Օրվա ընթացքում քննարկվելու են ծնողավարության, երեխաների նկատմամբ հոգեբանական ու ֆիզիկական բռնության հետևանքների, կրծքով կերակրման անհրաժեշտության, երեխայի դաստիարակության գործընթացում հայրիկների ներգրավվածության, առողջ հղիության բաղադրիչների մասին հարցեր և այլ թեմաներ:


Ավելին՝armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել