Երեք քաղաքացու մոտ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո վիրուս է հայտնաբերվել․ Արսեն Թորոսյան |hetq.am|
12:52 - 04 մայիսի, 2020

Երեք քաղաքացու մոտ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո վիրուս է հայտնաբերվել․ Արսեն Թորոսյան |hetq.am|

hetq.am: Կորոնավիրուսի ախտորոշման հետազոտությունները մայիսի 3-ին եղել են 765, իսկ մինչ օրս ընդհանուր առմամբ 25 հազար թեստավորում է արվել: Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի արտահերթ նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Երեկվա դրությամբ ունենք 9 քաղաքացի` թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված, 35 ծայրահեղ ծանր և 65 ծանր վիճակում գտնվող քաղաքացի: Մեկուսացման վայրերում ունենք մոտ 2000 քաղաքացի, մահճակալային ֆոնդի առումով ունենք մոտ 350 ազատ մահճակալ հիվանդանոցային համակարգում, որովհետև քաղաքացիների մի մասն իրենց «բուժօգնությունը» ստանում են հյուրանոցներում, որովհետև որևէ սիմպտոմ չունեն, և այդ մոտեցումը դեռ շարունակվելու է»,- ասաց առողջապահության նախարարը:

Արսեն Թորոսյանի խոսքով` նախարարությունը շարունակելու է հայտնաբերելու, թեստավորելու, մեկուսացնելու և բուժելու սկզբունքը, որը նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական խորհուրդն է`անկախ երկրում եղած դեպքերի թվից. այնքան ժամանակ, քանի դեռ երկիրը ռեսուրս ունի:

«Երկրներ կան, որ համաճարակաբանական հետազոտության մասը չեն անում, այսինքն՝ չեն հետևում ումից է վարակը փոխանցվել, սահմանափակվում են հայտնաբերել, թեստավորել, բուժել: Մենք դեռ չորս քայլ իրականացնում ենք և կշարունակենք այնքան, ինչքան կարողանում ենք, բոլոր հայտնաբերված դեպքերի հետագիծը փորձում ենք գտնել այնքան խորը, ինչքան հնարավոր է»,- ասաց Թորոսյանը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չբացառեց, որ կորոնավիրուսով մեկ անգամ վարակված և բուժված քաղաքացին կրկին վարակվի: Նախարարի խոսքով` արդեն իսկ 3 քաղաքացու մոտ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո վիրուս է հայտնաբերվել:

«Նրանց նորից իզոլացրել ենք, որպեսզի հավանական վարակը կանխարգելենք: Նման դեպքեր արձանագրվել են Չինաստանում ու Հարավային Կորեայում, դա ոչ թե կրկնակի վարակում է, այլ վիրուսի մասնիկների պահպանում է բերանի խոռոչի, կոկորդի հյուսվածքներում, որը երկուսից երեք ամսվա ընթացքում ՊՇՌ-ով (pոլիմերազային շղթայական ռեակցիա) հայնաբերվում է: Հայտնաբերման մեթոդը աշխատում է ոչ թե վիրուսի մասնիկի վրա, այլ վիրուսի մեջ եղած գենետիկ մատերիալի վրա, որը կարող է լինել ապաակտիվ վիճակում` առանց պատյանի: Դա չի բազմանում ու չի արտազատվում»,-ասաց նախարարը` միևնույն ժամանակ հավելելով, որ նույնիսկ դուրս գրվելուց հետո պետք է պահպանել անվտանգության կանոնները:

Նախարարն ասում է՝ պետք է այնպես անել, որ չգա մի օր` բուժօգնության կարիք ունեցող քաղաքացին մնա առանց բուժօգնության:

Թորոսյանը վստահեցրեց` սարքերի, մահճակալային ֆոնդի, դեղորայքի, բժշկական անձնակազմի առումով այս պահի դրությամբ թվային առումով խնդիր չկա: Թորոսյանի խոսքով` քաղաքացիների ևս անհատական պատասխանատվություն պետք է ստանձնեն, հետևեն պարետատան սահմանած կանոններին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել