Մենք հնարավորություն ենք տալու Երեւանի բնակիչներին որոշ թեք նաեւ հարթ տանիքներով շենքերի ձեղնահարկերի (մանսարդ) հնարավորություններն օգտագործել, բայց որ միանման լինի, եւ շենքին համապատասխանի, եւ քաղաքի ճարտարապետության գեղագիտական տեսքը չփչացնի: Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը՝ հավելելով, որ դա առանձին ծրագիր է լինելու:

Նրա խոսքով, այստեղ քաղաքապետարանը շահում է, որ տանիքների վերանորոգման համար այլեւս միլիոնավոր դրամները չեն ծախսի:

 

«Որովհետեւ գիտեք, որ մեր բնակֆոնդը, հատկապես Կնետրոնի, շատ հին է: Մենք հիմա ուզում ենք խրախուսել, որ նոր շինարարություն զարգանա, Երեւանի բնակիչները նոր քառակուսի մետրեր ունենան քաղաքի կենտրոնում, բայց առանց քանդելու, կառուցելու նոր շենքեր: Այլ ընդամենը շենքերի վրա հազարավոր նոր քառակուսիներ կավելանան:

Մենք ուղղակի թույլ կտանք, որ մի քանի շենքեր, որոնք արդեն սկսել են, որոնք գնել են հող, արդեն արել են փոսային աշխատանքները, դրանք թվով 10-12-ն են, բնակիչների հետ բանակցություններն ավարտին հասցնելուց հետո, մեկինը փոքրացնում ենք, մյուսինը հարկայնությունն ենք հստակեցնում»,-ասաց Մնացականյանը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ, շատ չեն ուզում, որ Կենտրոնում շինարարություն լինի:

news.am