Երեկ վատ իմաստով ռեկորդային թիվ ենք ունեցել՝ 134 նոր դեպք․ Արսեն Թորոսյան |armtimes.com|
11:38 - 30 ապրիլի, 2020

Երեկ վատ իմաստով ռեկորդային թիվ ենք ունեցել՝ 134 նոր դեպք․ Արսեն Թորոսյան |armtimes.com|

armtimes.com: Այսօր ՀՀ կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին խնդրեց ներկայացնել, թե կորոնավիրուսի հետ կապված ինչ իրավիճակ է այս պահին։

«Պարոն Թորոսյան մենք նախորդ օրը շատ մեծ թիվ ենք ունեցել նոր դեպքերի՝ խնդրում եմ ներկայացրեք»,- ասաց վարչապետը։

Ի պատասխան նախարարն ասաց. «Այո, վատ իմաստով ռեկորդային թիվ ենք ունեցել՝ 134 նոր դեպք։ Այսպիսով ընդհանուր դեպքերի թիվը ստացվում է 2066։ Հավելյալ 29 բուժված քաղաքացի ենք ունեցել, ընդհանուր 929 բուժված կա։ Այս պահին փաստացի բժշկական հսկողության տակ գտնվող անձանց քանակը 1103 է։ Դժբախտաբար ունեցել ենք նաեւ 2 մահվան դեպք եւ կորոնավիրուսից ընդհանուր մահվան դեպքերի թիվը 32 է ստացվում։ Արհեստական շնչառության սարքերի վրա այս պահին ունենք 6 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 17, ծանր վիճակում՝59 քաղաքացի»։

Թորոսյանն ասաց, որ իրադարձությունների զարգացման այս սցենարի դեպքում հավանաբար շուտով կանցնեն՝ անստիմպտոմ կամ շատ թեթեւ քաղաքացիներին չհոսպիտալացնելու ռազմավարությանը։

«Իհարկե, մեր մոտեցումն այնպիսին է, որ այդ օրը, երբ այդ որոշումը կայացնենք՝ փորձենք ձգել, որովհետեւ դա բերելու է ապագայում հետագա տարածման։ Ենթադրում եմ, որ 5-6 օր դեռ կկարողանանք այսպես ձգել՝ չնայած այս 134 քաղաքացիների մեջ եղել են իրար հետ շատ փոխկապակցված անձինք»,- ասաց նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին հետաքրքրվեց, թե արդյո՞ք այս թիվը փոխում է իրենց պլանները։

Ավինյանը կարծիք հայտնեց, թե դեռեւս իրենց պլանները չեն փոխվում․ «Որովհետեւ ընդհանուր առմամբ շրջանակը կոնկրետ է եւ մենք ունեցել ենք նաեւ հիվանդանոցում բավականին լուրջ խնդիր ու այդտեղ էլ քիչ թե շատ շրջանակը կոնկրետ է։ Այնուամենայնիվ վարակի տարածման դինամիկայից կախված մեր որոշումները կարող են փոփոխվել։ Կարծում եմ դեռեւս նման փոփոխությունների կարիք չկա, բայց մոտակա օրերի շրջանակը, ում մոտ դրական կհաստատվի՝ մեզ թույլ կտա վերջնական որոշումներ կայացնելու։ Այս պահի դրությամբ մենք գնում ենք այն տրամաբանությամբ, որ մայիսի 4-ից փոխվելու է տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ պարետի որոշումը եւ էական ոլորտներ բացվելու են։ Այնուամենայնիվ՝ ինչպես եւ քննարկել ենք շարունակվելու է փակ մնալ կրթական ոլորտը՝ համալսարանները, դեռեւս էական սահմանափակումներ են գործելու մշակույթի եւ զվարճության ոլորտներում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել