Երեխայի նպաստի չափը կաճի 40 տոկոսով, երեխա ունենալու միանվագ նպաստը՝ 6 անգամ |lragir.am|
09:54 - 01 նոյեմբերի, 2019

Երեխայի նպաստի չափը կաճի 40 տոկոսով, երեխա ունենալու միանվագ նպաստը՝ 6 անգամ |lragir.am|

lragir.am: 2020 թվականի հուլիսի մեկից Հայաստանում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը կաճի ավելի քան 40 տոկոսով, այսօր խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նրա խոսքով՝ գործող 18 000 դրամի փոխարեն նպաստի չափը կսահմանվի 25 500 դրամ: Նշված ծրագրի ֆինանսավորումը հաջորդ տարվա բյուջեի նախագծով նախատեսվում է ավելացնել 1 մլրդ դրամով:

Նախարարը մանրամասնեց նաև ժողովրդագրության բարելավմանն ուղղված մյուս ծրագրերը:

«Նախատեսում ենք առաջին և երկրորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստների աճ՝ համապատասխանաբար 6 անգամ առաջին երեխայի և երկու անգամ երկրորդ երեխայի դեպքում կբարձրացվի: Գիտեք, որ առաջին երեխայի դեպքում միանվագ աջակցությունը 50 հազար է, իսկ երկրորդի դեպքում՝ 300 000: Այս ծրագրով նախատեսում ենք այդ գումարը սահմանել 300 000 դրամի չափով: Եվ այս ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորումը կազմում է ավելի քան 2.5 մլրդ դրամ»,- ասաց նա:

Բաթոյանի խոսքով՝ ժողովրդագրական ծրագրերի շրջանակներում նաև նախատեսվում է բնակարանային աջակցության ծրագրեր, որոնց համար նախատեսել են ավելի քան 500 մլն դրամ հաջորդ տարվա բյուջեի նախագծով:

«Խոսքը մարզային բնակավայրերում բնակարաններ ձեռք բերելու միանվագ աջակցության, երիտասարդ ընտանիքների համար հիպոթեքային վարկերի ձեռք բերման դեպքում կանխավճարի ապահովագրման մասին է: Նաև խոսքը երեխայի ծնունդով պայմանավորված՝ նաև հիպոթեքային վարկերի տոկոսադրույքների մարման մասին է»,- մանրամասնեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել