Եվրոպան պետք է դադարեցնի համագործակցությունը հակաժողովրդավարական Թուրքիայի հետ. Բունդեսթագի պատգամավոր |ermenihaber.am|
07:47 - 20 օգոստոսի, 2019

Եվրոպան պետք է դադարեցնի համագործակցությունը հակաժողովրդավարական Թուրքիայի հետ. Բունդեսթագի պատգամավոր |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի Վան, Դիարբեքիր և Մարդին քաղաքների քաղաքապետների պաշտոնանկության որոշման դեմ ուղղված քննադատությունները շարունակվում են։ Եվրամիության մի շարք պաշտոնյաներ հանդես են եկել թուրքական իշխանությունների այդ քայլը դատապարտող հայտարարություններով։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով պատասխանատուի խոսնակ Մայա Կոսյանչիչը թեմայի վերաբերյալ «Twitter»-ում հետևյալ գրառումն է արել․ «Դիարբեքիրի, Վանի և Մարդինի քաղաքապետներ Սելչուք Մըզրաքլըի, Բեդիա Օզգյոքչե Էրթանի և Ահմեթ Թյուրքի պաշտոնանկությունը լուրջ մտահոգություն է առաջացնում, քանի որ կասկածի տակ է դնում մարտի 31-ի ընտրությունների ժողովրդավարական արդյունքների նկատմամբ հարգանքը»։

Կոսյանչիչն ընդգծել է, որ Թուրքիան ունի ահաբեկչության դեմ պայքարելու օրինական իրավունք, բայց դա պետք է արվի սահմանադրության և միջազգային պայամանգրերով ամրագրված իրավունքի ու ազատությունների շրջանակներում։

Գերմանիայի դաշնային խորհրդարանի պատգամավոր Գյոքայ Աքբուլութը Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանն (ԺԴԿ-HDP) աջակցելու և իշխող կուսակցության դեմ համատեղ պայքար մղելու կոչ է արել․

«Թուրքիայի կառավարությունը ևս մեկ անգամ ի ցույց դրեց, թե որքան հեռու է ժողովրդավարությունից։ Եվրոպան պետք է դադարեցնի համագործակցությունը հակաժողովրդավարական Թուրքիայի հետ», - գրել է պատգամավորը Twitter-ում։

Գերմանիայի խորհրդարանի փոխնախագահ Կլաուդիա Ռոթը նույնպես քննադատել է քաղաքապետների փոխարեն հոգաբարձուների նշանակումը․

«Այս որոշումը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ Թուրքիայում ոչնչացվում են ժողովրդավարության և իրավական պետության վերջին մնացորդները», - հայտարարել է Ռոթը։

Հավելենք, որ քաղաքապետների պաշտոնանկության որոշումը դատապարտել էին նաև Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը և նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն՝ իրենց սոցցանցային գրառումներում իշխանությունների այդ որոշումը որակելով որպես հակաժողովրդավարական։

Ստամբուլի և Իզմիրի քաղաքապետները ևս թեմայի վերաբերյալ քննադատական գրառում են կատարել։ Ըստ Էքրեմ Իմամօղլուի՝ քաղաքապետների պաշտոնանկության որոշումը ոչ մի աղերս չունի ժողովրդավարության հետ և անընդունելի է։ Իսկ ըստ Իզմիրի քաղաքապետ Թունչ Սոյերի՝ այս որոշմամբ ոտնահարվել է ժողովրդի կամքը։

Նախօրեին Դիարբեքիրի, Վանի և Մարդինի քաղաքապետների պաշտոնանկությանը դեմ էին արտահայտվել նաև Եվրախորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրին, Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը, Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների այլ ներկայացուցիչներ։

Իսկ Թուրքիայի նախագահականից նույնպես թեմայի վերաբերյալ Twitter-ում գրառում է արվել, ըստ որի՝ երեք քաղաքապետների պաշտոնանկությունը և հոգաբարձուների նշանակումն ուղղակի անհրաժեշտ քայլ էր ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել