Եվրամիությունը, Չինաստանը, Ավստրալիան և մի շարք այլ երկրներ դադարեցրել են Boeing 737 Max-ի թռիչքները |hetq.am|
05:40 - 13 մարտի, 2019

Եվրամիությունը, Չինաստանը, Ավստրալիան և մի շարք այլ երկրներ դադարեցրել են Boeing 737 Max-ի թռիչքները |hetq.am|

Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը (EASA) դադարեցրել է Boeing 737 Max օդանավերի թռիչքները Եվրամիության օդային տարածքում՝ որոշումը հիմնավորելով ուղևորների անվտանգությամբ: Boeing 737 Max-ի թռիչքները դադարեցրել էին նաև Սինգապուրը, Չինաստանը, Ինդոնեզիան և Եթովպիան: Այսօր՝ ավելի ուշ, Ռուսաստանում Boeing 737 Max շահագործող միակ ավիաընկերությունը՝ S7-ը, նույնպես դադարեցրել է թռիչքները: Այդ մոդելի ինքնաթիռների թռիչքների դադարեցումը կապված է Ethiopian Airlines ավիաընկերության օդանավի կործանման հետ: Մարտի 10-ին տեղի ունեցած ավիաաղետը 157 մարդու մահվան պատճառ էր դարձել:

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն դեռևս չի դադարեցրել Boeing 737 Max-ի թռիչքները, սակայն Boeing-ից պահանջել է թարմացնել ծրագրային անվտանգությունը: Ընկերությունը խոստացել է անել դա մոտակա ժամանակներում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ օդանավերը դառնում են չափազանց դժվար կառավարելի, և հիմա նմանատիպ օդանավերը ոչ թե օդաչուների կարիք ունեն, այլ ծրագրավորման ոլորտի մասնագետների:

Մարտի 10-ին Եթովպիայում տեղի ունեցած ողբերգական պատահարից երկու օր անց՝ մարտի 12-ին, Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի օդանավակայանից Թել Ավիվ մեկնող Boeing 737 Max 8-ը օդ է բարձրացրել, սակայն շրջադարձ է կատարել և վերադարձել Ստոկհոլմի օդանավակայան: Շրջադարձի պատճառը դեռևս հայտնի չէ: Ինքնաթիռը պատկանում էր Norwegian ավիաընկերությանը:

Ավստրալիայում թռիչքների դադարեցումը առնչվել է միայն Fiji Airlines ավիաընկերությանը, որն իր ավիապարկում ունեցել է Boeing 737 Max 8 մոդելի ինքնաթիռներ: Ավստրալիայի քաղաքացիական ավիացիայի վարչության ներկայացուցիչը շեշտել է, որ դա ժամանակավոր որոշում է՝ մինչև Boeing 737 Max 8-ի շահագործման ռիսկերի գնահատումը:

Ավստրալիայի օրինակին հետևել են նաև Մալայզիան, այնուհետև Մեծ Բրիտանիան, որտեղ Boeing 737 Max 8 մոդելի ութ օդանավ ունեն Norwegian և Tui Airways ավիաընկերությունները:

Թուրքիան նույնպես հայտարարել է Boeing 737 Max 8 և Boeing 737 Max 9 մոդելների օդանավերի թռիչքների դադարեցման մասին՝ մինչև չապացուցվի, որ դրանցով թռչելը անվտանգ է: Առանձին ավիաընկերություններ նույնպես դադարեցրել են Boeing 737 Max 8-ով թռիչքները, այդ թվում՝ իսլանդական, արգենտինական, բրազիլական և մեքսիկական ընկերություններ:

Մարտի 10-ին տեղի ունեցած աղետը միակը չէր Boeing 737 Max 8-երի մեջ վերջին ժամանակներում: 2018թ. հոկտեմբերին Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայից մեկնած օդանավը վայր էր ընկել Ճավայի ծովում՝ դառնալով 189 մարդու մահվան պատճառ:

hetq.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել