factor.am։ Հարցազրույց Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանի հետ

– Պարո՛ն Հոկտանյան, տեղյակ եք, որ Կառավարությունն այսօրվա նիստում մոտ 1 մլրդ դրամ է հատկացրել Ազգային ժողովին՝ տարբեր ծախսերի համար: Այդ գումարի մի մասը լրացուցիչ պատգամավորների աշխատավարձերի համար է, իսկ 300 մլն դրամը հատկացվել է արտասահմանյան շրջագայությունների, գործուղումների համար: Նախկինում տպավորություն կար, որ գործուղումների համար այդպիսի մեծ գումարի հատկացումը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, դա ավելի շատ պաշտոնյաների կողմից ճոխ գործուղումներ ունենալու համատեքստում էր քննարկվում: Դուք տեսնո՞ւմ եք նման ռիսկեր:

– Գիտեք՝ հիմքեր չունեմ այդպիսի ռիսկեր տեսնելու, որովհետև պետք է այդ գործուղումները շատ ավելի լուրջ կերպով ուսումնասիրել: Դրան ես մի քիչ հետո կանդրադառնամ: Այստեղ այդ գումարների ավելացմանը կուզենայի անդրադառնալ, որովհետև երբ անցյալ տարվա նոյեմբերին սկսեցին բյուջետային քննարկումները, և արդեն պարզ էր, որ լինելու են արտահերթ ընտրություններ, ես այն ժամանակ մամուլի միջոցով բարձրաձայնեցի, որ, երևի, ընտրություններից հետո բյուջեն ընդունվի:

Որովհետև արդեն պարզ էր, որ «Իմ քայլի» վարկանիշն այնքան բարձր է, որ ստանալու էր երկու երրորդից ավելի, իսկ ընտրական օրենսդրությամբ նախատեսվում էր, որ երկու երրորդից ավելիի դեպքում մյուս կուսակցություններին տալու էին բոնուսային մանդատներ:

– Այսինքն՝ պարզ էր, որ այս Ազգային ժողովում պատգամավորների թիվը շատ ավելի՞ն է լինելու:

– Դա ակնհայտ էր: Ընդ որում՝ Ընտրական օրենսգիրքն ասում էր՝ ոչ թե ընդհանուր թվի երկու երրորդը, այլ մանդատները հաշվելիս վերցնում էին միայն շեմը հաղթահարածները: Եվ ստացվում էր, որ 82% հավաքեց «Իմ քայլը»:

Նման դեպքում, բնականաբար, որպեսզի մեկ երրորդ ունենա ընդդիմությունը, պետք է բոնուսային մանդատներ ստանար և, ընդհանուր առմամբ, 27 բոնուսային մանդատ ստացավ: Բայց դա տեղի ունեցավ դեկտեմբերի 9-ից հետո, իսկ պետբյուջեն հաստատվեց նոյեմբերի 22-ին: Ես այն ժամանակ ասում էի, որ ոչ մի աղետ չի լինի, եկեք սպասենք, տեսնենք՝ ինչ է լինում: Եվ հիմա ստիպված պետք է տային այդ գումարը:

– Պարո՛ն Հոկտանյան, գործուղումների և արտասահմանյան շրջագայությունների համար հատկացված 300 մլն դրամից 183 մլն-ը բաժին է հասնում ԱԺ նախագահի գործուղումներին: Սա նորմա՞լ եք համարում:

– Ես ենթադրում եմ, որ ընդունվել է այն հարաբերակցությունը, ինչ եղել է նախկինում: Դա պետք է, իհարկե, ստուգել, թե նախկինում որքան է հատկացվել շրջագայություններին: Ես այստեղ այլ խնդիր եմ տեսնում, որ արժե հասկանալ: Եթե Ընտրական օրենսգրքի նախագիծն ընդունվեր, այսպիսի պատմություն չէր լինի:

Ես չեմ զարմանա, եթե պարզվի, որ Կառավարության կառուցվածքային փոփոխություններն էլ դրանից են գալիս, քանի որ այսքան լրացուցիչ գումար հատկացվելու է Ազգային ժողովին, գործադիրը խնդիր կունենա:

Եվ եթե դուք ունեք արդեն 132 պատգամավոր, գուցե ավելի համե՞ստ լինեն այդ ծախսերը, որպեսզի այդքան ավելացում չլինի: Արդյո՞ք այս մոտեցումը եղել է, թե՞ ինչպես եղել է նախկինում, եկեք այդքան էլ տանք ամեն շրջագայությանը:

Շարունակությունը՝ factor.am