Ես չեմ բացառում, որ առողջապահության ոլորտում կա կոռուպցիա․ Արսեն Թորոսյան
08:22 - 13 մայիսի, 2019

Ես չեմ բացառում, որ առողջապահության ոլորտում կա կոռուպցիա․ Արսեն Թորոսյան

Ես չեմ բացառում, որ առողջապահության ոլորտում կա կոռուպցիա։ Այս մասին իր պաշտոնավարման մեկ տարին ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Կոռուպցիա կա՞, թե՞ չկա։ Այդ հարցը հաճախ բոլոր նախարարներին տրվում է, ես լսել եմ իմ կոլեգա նախարարների տված հետևյալ պատասխանները՝ «Առողջապահության ոլորտում կոռուպցիա չկա» կամ «Մենք բացառում ենք, որ առաղջապահության ոլորտում կա կոռուպցիա»։ Ես չեմ բացառում, որ առողջապահության ոլորտում կա կոռուպցիա, բայց հաճախ նաև բնութագրում եմ այդ տերմինի իմաստը»,- ասաց Արսեն Թորոսյանն ու ավելացրեց, որ եթե խոսում ենք բուժհաստատություններում վերցվող ապօրինի եկամուտների մասին և դա համարում կոռուպցիա, ապա այն կա։

Նախարարն ավելացրեց, որ ինքը դա ոչ թե կոռուպցիա, այլ ապօրինի եկամուտ է համարում, որը, սակայն, էլի չպետք է լինի։ «Բայց, ամեն դեպքում, դա ապօրինի եկամուտ է, որ բժիշկը հայցում է պացիենտից, պացիենտի բարեկամից և այլն։ Եթե գնում ենք մի քիչ ավելի վերև, եթե խոսքը պետական կառավարման ապարատում եղած կոռուպցիայի մասին է, ես կարող եմ ասել, որ մենք ամեն ինչ անում ենք, որ դա չլինի, մեր նախարարության վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ 100 տոկոս չի հաջողվել, բայց մեր քայլերը միայն այդ ուղղությամբ են»,- ասաց Թորոսյանը։

Նախարարը վերահաստատեց իր այն խոսքը, որ որպես առողջապահության նախարարություն իրենց գործոնը ֆինանսների բաշխման առումով պետք է բացառվի։ «Ընդհանրապես մենք պիտի դուրս գանք, մենք տենց ֆունկցիա չպետք է ունենանք, մենք չպետք է փող բաժանենք։ Հիմա բաժանում ենք․․․ դժբախտաբար։ Ապահովագրության ներդրման շնորհիվ, երբ որ կլինի հետվճարային համակարգ, և բուժհաստատությունները կվճարվեն իրենց մատուցած ծառայությունների դիմաց, էդ ժամանակ մարդու գործոնը մաքսիմալ նվազ կլինի և, հետևաբար, ռիսկերն էլ նվազ կլինեն»,- ասաց նա։

Արսեն Թորոսյանն անդրադարձավ կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմներին՝ նշելով, որ դրանք իրականացվում են երկու ճակատով՝ կանխարգելում ու պատժում։ «Կոռուպցիայի դեմ պայքարում ենք երկու ֆրոնտով՝ կանխարգելում՝ համակարգերի ներդրման միջոցով, և պատժում, երբ որ էդ դեպքերը արձանագրվում են։ Պատժումն էլ է մի քիչ կանխարգելում, բայց մենք չենք սպասում դեպք լինի, պատժվի, որ կանխարգելենք, մենք փորձում ենք համակարգեր ներդնել։ Օրինակ, նույն էս տարվա պետպատվերի բաշխման տակ բավական տրամաբանություն է դրվել․ պացիենտների քանակ, աշխարհագրական դիրք, համահարթեցում։ Ու բազմաթիվ մարդիկ, իհարկե, դժգոհ են եղել դրանից, որովհետև իրենք անհիմն շատ են փող ստացած եղել»,- ասաց նախարարը։

Նա անդրադարձավ նաև ապօրինի եկամուտների հարցին, նշեց, որ առաջնային օղակում դրա դեմ պայքարում են աշխատավարձի բարձրացումով, որովհետև ոչ մի բժիշկ իրականում հաճույք չի ստանում 5000 դրամ իր գրպանը դնելուց։ «Իրենք ուզում են՝ էդ 5000-ը, 10000-ը կամ 50000-ը օրինական ամեն ամիս ստանան իրենց աշխատավարձի հետ։ Ու մեր խնդիրն է էդ ամեն ինչը տեղափոխել օրինական դաշտ։ Պետպատվերի շրջանակում մատուցվող ծառայությունների համար դա հստակ գների սահմանումն է էդ ծառայությունների համար, որ էս տարի, օրինակ, 230 հազար հոգու համար մենք ունեցանք։ 230 հազարի համար որ ասում ենք բարելավված փաթեթ, դրանք այնպիսի գներով ծառայություններ են՝ վիրահատություններ, ստացիոնար ծառայություններ, դիագնոստիկ ծառայություններ, որոնց գները այնքան լավն են, որ բուժհաստատությունը կարող է իր բժշկին պատշաճ վարձատրել, և բժիշկը կարիք չի ունենալու հավելյալ գումար ակնկալելու»,- ասաց նախարարը։

Թորոսյանը նշեց, որ նույնն անելու են մյուս տարվա բյուջետային հայտով՝ ավելի մեծ թվով մարդկանց համար։ «Ու եթե ստացվի մեր ամբողջ ցանկությունը, մյուս տարի պետպատվերով բուժվող բոլոր հիվանդների գները էնքան կբարձրացնենք, որ որևէ մեկը իրանցից գումար չպետք է ուզի։ Այ էդ դեպքում եթե ուզեն, դա ես կհամարեմ ծանր հանցագործություն, որովհետև ինքը, միևնույնն է, ստանալու է իր նորմալ գումարը»,- եզրափակեց առողջապահության նախարարը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել