tert.am: ԲՀԿ քվոտայով Իջևանի քաղաքապետ ընտրված Վարդան Ղալումյանը, որն անկուսակցական է, այսօր լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ հնարավոր է անդամակցի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:

«Ես ոչ մի բան չեմ բացառում, դա իմ որոշումն է, կյանքում ոչ մի բան չեմ բացառում»,-ասաց նա:

Իսկ թե ինչպես են հարաբերությունները նոր իշխանությունների հետ, ինչպես է նրանց հետ աշխատում, քանի որ նրանք նշում են, որ հին բարքերով աշխատող քաղաքապետեր չպետք է լինեն, Ղալումյանն ասաց. «Շատ հեշտ, միշտ իմ հարաբերությունները բոլոր իշխանությունների հետ եղել է նորմալ, քանի որ ընտրություններին ընտրվել եմ արդար ձևով՝ ոչ ընտրակաշառքներով, իսկ երբ ժողովուրդը եկավ քաղաքապետարանի դեմն ու ասաց միանո՞ւմ ես մեզ, իջա, ասացի՝ իհարկե, միանում եմ, եթե չեք ուզում ինձ, կարող եմ հրաժարական տալ: Նրանք միաձայն ասեցին՝ միացի ու հրաժարական մի տուր»:

Նա հավելեց, որ իր աշխատանքում ոչ մի բան չի փոխվել, քանի որ օրենքներով և Սահմանադրությամբ է աշխատում

Դիտարկմանը՝ նախկինում միշտ եղել է աղմկահարույց պատմությունների կիզակետում, մամուլը բազմաթիվ հրապարակումներ է արել իր մասին, բացի այդ, ավագանու նախկին անդամը դատական հայց է ներկայացրել նրա դեմ, պատասխանեց. «Դատական հայց է ներկայացրել, դատարանը կորոշի: Բայց ես գիտեմ, որ իմ գործողություններն իրավաչափ են, օրենքի ոչ մի խախտում իմ գործողություններում չկան: Իմ գործողությունները բխում են ժողովրդի և հանրային շահերից: Քաղաքի կենտրոնական մասում գտնվող պուրակում ընդամենը բարեկարգման աշխատանքներ են կատարվում, ուրիշ ոչինչ: Իսկ եթե ինչ-որ սեփականատեր է հայտնվել և ասում է՝ դա իր սեփականությունն է, նախ ասեմ, որ պուրակը ոչ մեկի սեփականություն չի կարող լինել, որովհետև համայնքի սեփականությունն է: Մնացածը դատարանը կպարզի, ես նորից պնդում եմ՝ դա համայնքային սեփականության հողամաս է»:

Ինչ վերաբերում է աղմկահարույց պատմությունների կիզակետում ու մամուլի ուշադրության կենտրոնում լինելուն, Իջևանի քաղաքապետն ասաց, որ ցանկացած աշխատող մարդ միշտ կարող է մամուլի ուշադրության կենտրոնում լինել: