Ես հայտարարում եմ, որ մենք հստակ տեղեկություններ չունեինք ռազմական գործողությունների սկզբի մասին․ Սերժ Սարգսյան |news.am|
11:18 - 03 ապրիլի, 2020

Ես հայտարարում եմ, որ մենք հստակ տեղեկություններ չունեինք ռազմական գործողությունների սկզբի մասին․ Սերժ Սարգսյան |news.am|

news.am: Արդյո՞ք ապրիլյան պատերազմի նախօրեին հայկական կողմերն  ունեցել են հավաստի հետախուզական տեղեկություններ ծրագրվող ռազմագործողությունների մասին․ 2016-ի ապրիլյան քառօրյայի մասին հաճախ հնչող հարցի թեմայով «5-րդ ալիքի» տնօրեն Հարություն Հարությունյանի «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմում  Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը պնդել է, որ ունեցել են տեղեկատվություն շարժերի մասին, բայց դրանք վերլուծել և ստանալ տեղեկատվություն, որ հարձակում է լինելու, հնարավոր չէր։

ՊԲ նախկին հրամանատարն ասել է, որ ունեցել են տեղեկություն ապրիլի մեկին, որ կան որոշակի շարժեր, կուտակումներ։ Բայց, ըստ Լեւոն Մնացականյանի, դրանցից հետեւություն անել, որ հարձակողական գործողություններ են սկսվելու, հնարավոր չէր։

Այդ օրերին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ կոնկրետ այդ օրվա համար հետախուզական տվյալներ Պաշտպանության բանակի ղեկավարությունը ստացել է համարյա թե կեսգիշերին, իսկ  ՊՆ հետախուզական վարչությունը Արցախի ՊԲ հետախուզությունից է տեղեկություն ստացել, արդեն իսկ գիշերը 24:00-ից հետո բանակի ղեկավարությունը մարտական հերթապահությունից անցել է պաշտպանության իրականացման խնդիրների պատրաստականության վիճակի։

Արցախի  նախագահ Բակո Սահակյանն ասել է, թե իրենց համար զարմանալի չէր, որ բախվում են նման իրավիճակի։ Սակայն, ըստ նրա, այլ հարց էր, որ չեն ունեցել կոնկրետ տեղեկություններ, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնել հենց այդ օրը։ «Հանկարծակի հարձակումները,  հատկապես այդ սկզբնական շրջանում որոշակի առավելություն են ապահովում հարձակվողների համար, բայց, բարեբախտաբար, մենք շատ արագ իրականացրինք այն անհրաժեշտ քայլերը, որոնք նպաստեցին մեր ուժգին հակահարվածներին։ Եվ հետո մեր   հրամանատարները, իրականացրեցին այդ գործողությունները, որոնք հետո հիմք հանդիսացան կասեցնելու նրանց այդ հանկարծակի գործողությունները»,- ասել է Բակո Սահակյանը։

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը պատմել է, որ ադրբեջանական կողմին հաջողվել էր հանկարծակիի բերել, քանի որ հետախուզական տեղեկատվությունը սովորական էր։ Ըստ նրա՝ դրանք  այնպիսի տեղեկություններ էին, ասես պետք է աշխատեն սովորական դիվերսիոն խմբեր։ Խաչատուրովի խոսքով, սովորաբար միաժամանակ ամենաշատը գործում են 2 կամ 3 հետախուզադիվերսիոն խմբեր, ժամանակ առ ժամանակ՝ չորս, բայց ոչ ավելի։ «Իսկ այս դեպքում ողջ առաջնագծում էր դա, համարյա թե բոլոր կողմերով»,- ասել է գեներալ-գնդապետը։

Սերժ Սարգսյանը պատմել է, որ ապրիլյան քառօրյայից հետո բազմաթիվ մարդիկ, որոնք որևէ ունակություն չունեն հասկանալու, թե ինչ է նշանակում հետախուզական ինֆորմացիա, սկսեցին խոսել այն մասին, որ իրենք իբր գիտեին պատերազմի մոտալուտ վտանգի մասին։ Սակայն, նրա խոսքով, դրանք անպատասխանատու մարդկանց հայտարարություններ են։

«Մարդիկ լավ չեն կարողանում հասկանալ, թե ինչ է նշանակում 116 կմ շփման գիծ ունեցող հրամանատարի համար ընդհանրական զեկույցը, թե հնարավոր է երբևէ ռազմական գործողություն, ես նկատի ունեմ զուտ Պաշտպանության բանակի շփման հատվածում։ Իսկ եթե նաև ընդհանուր մեր ԶՈՒ պատասխանատվության ոլորտի մասին խոսենք, ապա դրանք հարյուրավոր կիլոմետրեր են։ Ես հայտարարել եմ, հայտարարում եմ, որ մենք հստակ տեղեկություններ չունեինք ոչ ռազմական գործողությունների սկզբի, ոչ էլ առավել ևս մոտավոր ժամկետների մասին»,- շեշտել է Սերժ Սարգսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել