news.am: Այս փուլում Արցախում է գտնվում «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավորական խումբը, մի մասը առողջական խնդիրների պատճառով այսօր Երեւանում չէ, մյուսներն էլ ռիսկային գոտում գտնվող անձինք են։ Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, լրագրողների հետ զրույցում  ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով զանգերի եւ տեղաշարժի մասին տեղեկություններ հավաքագրելու վերաբերյալ նախագծի չընդունմանը։

«ԱԺ կանոնակարգ օրենքը հետեւյալն է ասում. եթե ներկա գտնվող պատգամավորները, բոլոր խմբակցություններից քվեարկում են, ապա անհրաժեշտ է լինում ձայների ընդամենը 43 ձայն, որպեսզի նախագիծն անցներ։ Եթե մյուս խմբակցությունները բոյկոտում են եւ չեն քվեարկում, ապա անհրաժեշտ է լինում 67 ձայն։ Ընդդիմադիրների հասցեին մեղադրանքներ չեմ հնչեցրել, հնչեցրել եմ արձանագրում մի հանգամանքի, երբ մենք խոսում ենք… գիտեք՝ մենք շատ բաների մասին կարող ենք խոսել, կարող ենք խոսել դավադրությունների տեսություններից, կարող ենք խոսել քննադատություններ հնչեցնել, առաջարկներ ներկայացնել»,- ասաց Մակունցը։

Լիլիթ Մակունցը պատմեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը երեկ մինչեւ ուշ ժամ հետամուտ է եղել բոլոր հնչեցված առաջարկները քննարկելու Կառավարության հետ.

«Կառավարությունն էլ ընդունել է առաջարկների բավականին մեծ փաթեթ եւ գնացել է զիջումների, որպեսզի ուղղակի անցներ նախագիծը մի բանի համար։ ԱԺ-ի լիագումար նիստերի դահլիճում մեր ընդդիմադիր գործընկերների կողմից հնչում էր, որ բուժաշխատողները հնարավոր է՝ չեն հասցնում եւ Ոստիկանությունը չի հասցնում իրավիճակ վերահսկել։ Բայց չէ՞ որ այս գործիքը նրա համար էր արվում, որ կարողանայինք հնարավորինս դանդաղեցնել այդ գործընթացը։ Միտված էր նաեւ բուժաշխատողների աշխատանքը չպարալիզացնելուն։ Կյանքեր փրկվում են նաեւ նրանով, որ բուժաշխատողները կարողանային հավուր պատշաճի ժամանակ հատկացնել յուրաքանչյուր հիվանդին»։

Լրագրողի դիտարկմանը, որը «Իմ քայլի» ներսում կար ակնհայտ անհամաձայնություն այդ նախագծի հետ կապված, եւ գուցե դրանո՞վ էր պայմանավորված նրանց ներկա չգտնվելը, Մակունցն ասաց. ««Իմ քայլը» խմբակցությունում պատգամավորները, ինչպես նաեւ մյուս խմբակցության պատգամավորներն ունեին հարցեր։ Կարծում եմ, որ խմբակցության միասնական քվեարկությունն ամեն ինչ ասում է»։

Հարցին՝ եթե «Իմ քայլը» գիտեր, որ այդքան պատգամավոր չի կարող ներկա գտնվել ԱԺ-ում, արդյոք ակնկալիք կա՞ր ընդդիմադիրներից ստանալ ձայներ, Մակունցն ասաց. «Այո, եղել են տարբեր իրավիճակներ, երբ մենք այնուամենայնիվ կարողացել ենք համոզել ընդդիմությանը»։