Եղել են խախտումներ, որոնք կարող էին էական ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքների վրա․ ԻՔՄ Ստեփանակերտի գրասենյակ |uic.am|
15:56 - 15 ապրիլի, 2020

Եղել են խախտումներ, որոնք կարող էին էական ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքների վրա․ ԻՔՄ Ստեփանակերտի գրասենյակ |uic.am|

uic.am: «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակը»  կարճաժամկետ դիտորդական առաքելություն է իրականացրել Արցախի Հանրապետության համապետական ընտրությունների՝ մարտի 31-ին կայացած առաջին և ապրիլի 14-ին կայացած երկրորդ փուլի ընթացքում:

Առաջին փուլի արդյունքներով երկրորդ փուլ անցան թեկնածուներ Արայիկ Հարությունյանը և Մասիս Մայիլյանը: Վերջինս, սակայն, կոչ արեց բոյկոտել  ընտրությունները:

Մեթոդաբանություն

Ամբողջ հանրապետությունում ձևավորել է 282 տեղամաս (այդ թվում՝ մեկը Երևանում): Ընտրությունների առաջին փուլում Հայաստանից և Արցախից 113 դիտորդներ (այդ թվում 9 շրջիկ խումբ) բոլոր շրջաններում դիտարկել էին ձևավորված 281 տեղամասերից 49-ը և բոլոր 8 տարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքները:

Երկրորդ փուլում առաքելության մեջ ներգրավված է եղել 65 դիտորդ: Վերջիններս ընտրությունների ընթացքին հետևել են 48 տեղամասում տեղադրված տեսահեռարձակման սարքերի միջոցով, 3 խումբ իրականացրել է շրջիկ դիտորդություն: Մեթոդաբանության փոփոխությունը պայմանավորված է եղել Հայաստանի և Արցախի Հանրապետություններում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման հետևանքով ստեղծված ֆորսմաժորային իրավիճակով:

Առաքելության սահմաններում իրականացվել է նաև մեդիայի, իրավապահ համակարգի աշխատանքների մշտադիտարկում և ընտրողների ցուցակների սահմանափակ դիտարկում:

Ընտրական վարչարարություն

Ընտրություններից մի քանի օր առաջ Արցախի Հանրապետության կառավարության ֆինանսավորմամբ, մարդու իրավունքների պաշտպանի ու հանրային հեռուստատեսության ջանքերով և «Իրազեկ քաղաքացիների միավորման» խորհրդատվական աջակցությամբ Ստեփանակերտի և շրջկենտրոնների բոլոր տեղամասերում (թվով 48) տեղադրվել են տեսախցիկներ: Չնայած տեսահեռարձակման օրենսդրական պահանջ չկա, սակայն դա (բոլոր տեխնիկական թերություններով հանդերձ) տվել է պատկերի և ձայնի հեռարձակման միջոցով ընտրությունների վերահսկման լրացուցիչ հնարավորություն, ավելացրել է ընտրությունների թափանցիկությունը:

Ընտրական հանձնաժողովները, գերակշռապես, բավականին վատ էին տիրապետում ընտրական օրենսդրությանն ու ԿԸՀ որոշումներին: Այդուհանդերձ, ընտրական հանձնաժողովները, հիմնականում, պատրաստակամ էին աշխատել շրջիկ դիտորդների հետ, և չիմացության արդյունքում թույլ տված բազմաթիվ թերություններ դիտորդների առաջարկությամբ վերացվում էին: Ընտրական հանձնաժողովներում հաճախ նկատվում էր բարձիթողի վիճակ, պարտականությունների բաշխման իրական վիճակահանության չիրականացում, ընտրողների ցուցակներին ծանոթանալու դեպքեր, տեղամասային կենտրոնի կահավորման և այլն խնդիրներ:

Չնայած ընտրությունների առաջին փուլում գրանցվել էին Արցախի ոստիկանության կողմից ընտրողների ցուցակները վարելու, կազմելու, հրապարակելու, ինչպես նաև նույն անձի՝ ցուցակում կրկնակի ներառված լինելը բացառելու մասով էական խախտումներ (որոնց մասին քննություն է ընթանում Հատուկ քննչական ծառայությունում), սակայն երկրորդ փուլում այդ խնդիրների կրկնություն չի նկատվել, ընտրողների ցուցակներում կրկնվող անձինք չեն հայտնաբերվել, ցուցակները ամբողջությամբ հրապարակվել են:

Արցախի ոստիկանությունը, սակայն, պատշաճ միջոցառումներ չի ձեռնարկել նախընտրական փուլում և քվեարկության օրը կատարված հանցագործությունների նախականխման ու բացահայտման (այդ թվում՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով) ուղղությամբ, ինչը կարող է ընկալվել որպես արդարադատության դեֆիցիտ և անպատժելիության մթնոլորտ: Այդուհանդերձ, գլխավոր դատախազության կողմից հիմնական խախտումների մասին ահազանգերը գրանցվել են, մի շարք դեպքերով կայացվել են քրեական գործ հարուցելու որոշումներ (այդ թվում՝ մեր հաղորդումների հիման վրա):

Խախտումներ չեն հայտնաբերվել ոստիկանության քրեակատարողական վարչության «Շուշի քրեակատարողական հիմնարկում» քվեարկության դիտորդության ժամանակ: Ի տարբերություն սրա՝ էականորեն աճել են ոստիկանի՝ առանց հանձնաժողովի նախագահի հրավերի տեղամասում գտնվելու դեպքերը թե՛ առավոտյան նիստին, թե՛ քվեարկության ընթացքում և թե՛ ձայների հաշվարկի ժամանակ։

Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի բոլոր տեղամասերը կահավորվել են թեքահարթակներով, ինչը էապես հեշտացրել է հենաշարժական խնդիրներով քաղաքացիների ընտրական իրավունքի իրացումը:

Երկրորդ փուլում արձանագրված խախտումները

Ժամը 07։00-08։00-ն դիտորդներն արձանագրել են հանձնաժողովի անդամների կողմից վկայական չկրելու դեպք 16 տեղամասում, ոստիկանի՝ առանց հանձնաժողովի նախագահի կարգադրության քվեասենյակ մուտք գործելու դեպք 14 տեղամասում, տեղամասային կենտրոնում ներկա գտնվելու իրավունք չունեցող անհայտ անձանց ներկայության դեպք 10 տեղամասում։ Հարկ է նշել նաև, որ հանձնաժողովի գործառույթների վիճակահանությունը մեծ մասամբ չի իրականացվել, իսկ դիտարկված 11 տեղամասում նիստը տեղի է ունեցել քվեարկության սենյակից դուրս՝ այլ սենյակում։

Քվեարկության ընթացքում՝ 8։00-20։00 ընկած ժամանակահատվածում, 48 ընտրատեղամասերից ուղիղ հեռարձակումների միջոցով դիտարկման նախնական արդյունքներով դիտորդական առաքելության կողմից արձանագրվել է.

  • ընտրատեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձի ներկայության 80 դեպք, այդ թվում՝ տեղամասում ոստիկանների գտնվելու մեծաթիվ դեպքեր,

  • տեղամասում ներկա անձանց (այդ թվում՝ հանձնաժողովի անդամների) կողմից վկայականը տեսանելի չկրելու 86 դեպք,

  • ընտրողի կողմից քվեաթերթիկը քվեախցիկից դուրս լրացնելու կամ ծալելու 260 դեպք,

  • ընտրողի կողմից քվեաթերթիկը լուսանկարելու 9 դեպք,

  • այլ անձի կողմից հանձնաժողովի նախագահի լիազորություններն իր վրա վերցնելու 21 դեպք,

  • քվեասենյակում կուտակումների 15 դեպք։

Ձայների հաշվարկի նիստին արձանագրվել է.

  • արդյունքների ամփոփման նիստի ընդհատում 2 տեղամասում,

  • ներկա գտնվելու իրավունք չունեցող անձի ներկայության 11 դեպք, որոնք գրանցվել են 6 տեղամասային կենտրոններում,

  • 12 տեղամասերում արդյունքների ամփոփմանը ներկա է եղել վկայականը տեսանելի չկրող 27 անձ,

  • ոստիկանի՝ առանց հանձնաժողովի նախագահի կարգադրության քվեասենյակ մուտք գործելու 17 դեպք, որոնք գրանցվել են 7 տեղամասային կենտրոնում,

  • քվեաթերթիկների հաշվարկի ընթացակարգը խախտվել է 36 անգամ՝ 11 տեղամասերում:

Դիտարկված երկու տեղամասերում (Մարտակերտի թիվ 4/2 և Ստեփանակերտի թիվ 1/30) տեսախցիկներով ակնհայտ նկատելի էր շատ ընտրողների կողմից քվեախցիկում ինչ-որ լրացուցիչ թերթիկների շրջանառություն, ինչն առերևույթ նման է քվեաթերթիկների «կարուսելի» (վերահսկվող քվեարկության տարատեսակ, երբ ընտրողին տրվում է քվեարկված քվեաթերթիկ և պահանջվում այն նետել քվեատուփը, իսկ ստացած քվեաթերթիկը դատարկ հանել տեղամասից)։ Այդ դեպքերը կարող են ամբողջությամբ բացահայտվել միայն քննությամբ, և դրանց վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել դատախազություն:

Բացի վերոնշյալ խախտումները, 7։00-ից մինչև տեղամասերում ձայների հաշվարկի նիստի ավարտը գրանցվել է ԱՀ ԿԸՀ սահմանած կարգի խախտման ավելի քան 285 դեպք, երբ դիտարկված ընտրատեղամասերում ընտրական գործընթացի մասնակիցները չեն կրել համավարակի տարածումը կանխելու համար նախատեսված պաշտպանիչ միջոցներ։

Ընտրատեղամասերում լուրջ վիճաբանության և ծեծկռտուքի դեպքեր չեն դիտարկվել: Ստեփանակերտում դիտորդները նաև հաշվարկել են ընտրողի հետ քվեարկության խցիկ մուտք գործող անձանց քանակը և այն էապս չի տարբերվել գրանցամատյաններում գրանցված օգնողների թվից:

Թվով 10 ընտրատեղամասում իրականացվել է նաև քվեարկողների թվի հաշվարկ, որը 8 տեղամասի պարագայում շատ մոտ է եղել պաշտոնական արդյունքներին, իսկ մյուս երկու տեղամասերում եղել է էական տարբերություն (2 տեղամասից մեկում, սակայն, եղել է կապի խափանում):

Օրվա ընթացքում տեսախցիկների տեսադաշտի ու հեռարձակման մասով խնդիրներ առաջացել են ավելի քան 10 ընտրատեղամասում, սակայն դրանք վերացվել են ընտրական հանձնաժողովների, տեխնիկական սպասարկող անձնակազմի և մեր դիտորդների շնորհիվ։

Քվեարկության արդյունքների վերլուծությունը

Եթե ընտրությունների առաջին փուլի ժամանակ մասնակցությունը քաղաքային համայնքներում եղել է 70 տոկոս, գյուղականներում՝ 76 տոկոս (տարբերությունը`6 տոկոս), ապա 2-րդ փուլում քաղաքային տեղամասերում այն կազմել է 35 տոկոս, իսկ գյուղականում՝ 56 տոկոս (տարբերությունը`21 տոկոս)։

Ընդ որում, թվով 22 ընտրական տեղամասերում (բոլորը գյուղական համայնքներ) երկրորդ փուլի ժամանակ մասնակցությունը եղել է ավելի շատ, քան առաջին փուլում, որը ողջամտորեն չունի սոցիոլոգիական և քաղաքագիտական բացատրություն:

Հարկ է նկատել, որ տեսախցիկներով կահավորված են եղել հենց քաղաքային տեղամասերը: Որևէ գյուղական տեղամասում տեսախցիկի միջոցով հեռարձակում չի եղել: Այդ գյուղական տեղամասերում չի իրականացվել դիտորդություն, իսկ ընդդիմության վստահված անձինք ընդհանրապես չեն եղել տեղամասերում:

Գյուղական ընտրական տեղամասերում մասնակցության անբացատրելի համեմատական բարձր ցուցանիշն առավել մտահոգիչ եզրահանգումների տեղիք է տալիս է նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման և երկրորդ փուլում մրցակցության փաստացի բացակայության լույսի ներքո:

Նկարագրվածը հիմք է տալիս ենթադրելու, որ քաղաքացիական հասարակության և ընդդիմության կողմից չվերահսկված ընտրական տեղամասերի զգալի մասում եղել են կոպիտ խախտումներ:

Ընտրողների ազատ կամարտահայտումը

Հարկ ենք համարում ընդգծել, որ թեև ԻՔՄ-ն չի իրականացրել երկարաժամկետ դիտորդական առաքելություն, սակայն այն իրականացվել է մեր գործընկեր «Ականատես» դիտորդական դաշինքի կողմից, որը մտահոգություններ է բարձրացրել վարչական ռեսուրսի օգտագործման և քարոզչությանը զուգորդվող բարեգործության հետ կապված։ ԻՔՄ-ն ևս բազմաթիվ զրուցակիցներից  ահազանգեր է ստացել քարոզչության հետ զուգորդվող կամ թեկնածուների հետ կապակցված բարեգործության մասին: Հաճախ այդ բարեգործությունն իրականացվել է շինանյութի տրամադրման և այլ պետական ծրագրերի շրջանակում, սակայն բնակիչներին մատուցվել է որպես թեկնածուներից մեկի կողմից տրվող աջակցություն: Այս հանգամանքները հիմք են տալիս մտածելու, որ ընտրողների կամքի վրա եղել է ընտրական օրենսդրությամբ արգելված ներգործություն։

Այս մտահոգությունները էապես ավելանում են ընտրությունների օրն արձանագրված քվեարկության գաղտնիությունը խախտելու բազմաթիվ դեպքերի ֆոնին: Ընդ որում, հաշվի առնելով, որ այդ խախտումները կրում էին լատենտային բնույթ և, որպես կանոն, եզակի դեպքերում են նկատվել դիտորդների կողմից, կարող ենք ենթադրել, որ այդ դրանք եղել են շատ ավելի շատ, քան արձանագրվել են, հետևաբար, այդ առումով ամբողջական պատկերը ճշգրիտ գնահատել հնարավոր չէ։ Ըստ այդմ, հնարավոր չէ նաև ճշգրիտ թվային գնահատական տալ, թե Արցախի Հանրապետության ընտրողների քանի տոկոսը չի կարողացել քվեարկության խցիկներում իրականացնել իրական կամարտահայտում՝ կաշկանդված լինելով ստացած բարեգործությամբ կամ իրենց նկատմամբ կիրառված վարչական լծակներով:

Եզրահանգումներ

Այսպիսով, կարելի է ասել, որ Արցախի համապետական ընտրություններն անցել են մրցակցային պայմաններում, սակայն այդ մրցակցության արդարության չափը էապես տարբերվում էր ժողովրդավարական հասարակությունում ընտրություններին ներկայացվող պահանջներից:

Ընտրությունների թե՛ նախընտրական ժամանակահատվածում, թե՛ առաջին և երկրորդ փուլում եղել են խախտումներ, որոնք կարող էին էական ազդեցություն ունենալ թե՛ Ազգային Ժողովի և թե՛ հանրապետության նախագահի քվեարկության արդյունքների վրա:

Թեպետ ընտրությունների թափանցիկության ապահովման ուղղությամբ Արցախի Հանրապետության իշխանությունները իրականացրել էին էական ջանքեր, սակայն առերևույթ էր ընտրախախտումների դեմ պայքարի (դրանց նախականխման ու բացահայտման) քաղաքական կամքի դեֆիցիտը:

Ընտրական հանցագործություններ գործած անձինք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, որի մասով «Իրազեկ քաղաքացիների միավորումը» իրականացնելու է հետևողական վերահսկողություն:

Արցախի Հանրապետության ընտրական օրենսդրությունը, համակարգը և վարչարարությունը էական բարեփոխման կարիք ունեն: Տեղամասերից տեսահեռարձակման և դրանք թեքահարթակներով կահավորման ողջունելի պրակտիկան պետք է զարգացվի:

«Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ»


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել