Եթե օգնությունը բաժանենք բոլորին, կստացվի` ավելի պակաս ենք օգնում այն մարդկանց, որոնք ավելի շատ են զգում դրա կարիքը․ վարչապետ
21:00 - 06 ապրիլի, 2020

Եթե օգնությունը բաժանենք բոլորին, կստացվի` ավելի պակաս ենք օգնում այն մարդկանց, որոնք ավելի շատ են զգում դրա կարիքը․ վարչապետ

Աջակցության համար մեզ համար ամենակարևորը հասցեականություն ապահովելն է։ Երեխաներ կան, որ օգնության կարիք չունեն այն չափով, ինչ չափով մյուս երեխաները։ Ես ինքս չորս երեխա ունեմ, երկուսն անչափահաս են, բայց չեմ կարծում, որ իրենք պիտի օգտվեն պետության աջակցությունից։ Մեր խնդիրը հասցեականությունն է։ Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով քաղաքացիներից մեկի այն հարցին, թե ինչու՞ նոր նախագծում որոշվեց ,որ միանվագ օգնություն կստանան այն մայրերը, որոնք չեն աշխատում և նպաստառու չեն։

«Իսկ եթե օգտվեին բոլոր երեխաները ավելի նպատակահարմար չէ՞ր լինի։ Թող չլինի 100 հազար, լինի 20 հազար, բայց բոլորն օգտվեն։ Ամեն դեպքում ծանր վիճակը բոլորի համար է ծանր։ Կան մարդիկ, որոնք հեռացված չեն աշխատանքից, բայց մատնվել են հարկադիր պարապուրդի և ունեն անչափահաս երեխա»,- գրել էր քաղաքացին: 

Վարչապետ Փաշինյանը բացատրեց կառավարության տրամաբանությունը․ «Շատ են ասում, թե մարդկանց բաժանում եք խմբերի, բաժանարար գծեր եք տանում։ Ուզում եմ բացատրել, թե ինչու ենք խումբ-խումբ իրականացնում այդ օգնությունների աջակցության որոշումները՝ հասցեականության համար։ Բարեկեցիկ խավի երեխաներ նույնպես կան, չէ՞, մեր երկրում, գուցե երեխաներ կան, որոնց ծնողների եկամուտներն այս ընթացքում ոչ թե նվազել, այլ ավելացել են։ Եթե մենք օգնությունը բաժանենք բոլորին, կստացվի, որ ավելի պակաս ենք օգնում այն մարդկանց, որոնք ավելի շատ են զգում այդ օգնության կարիքը»։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարությունը տարբեր խավերի օգնության տրամադրման ծրագրեր է իրականացնում․ օգնում են նրանց, ովքեր այս ընթացքում աշխատանքից ազատվել են, նրանց, ովքեր աշխատանքից ազատվել են և ունեն երեխաներ, կամ ովքեր որոշակի ոլորտների աշխատողներ են, հարկադիր արձակուրդում են, բայց չեն վճարվում։

«Մենք այդպիսի մարդկանց համար էլ ծրագրեր ունենք։ Կանխավարկածն այն չէ, որ բոլորին գտնում ենք, այլ այն, որ եթե մի ընտանիքն այս մի ծրագրին չի համապատասխանում, մյուսին համապատասխանի։ Ենթադրենք՝ 59 տարեկան մեկը, որ որևէ ծրագրից չի օգտվում, մեծ է հավանականությունը, որ ապրում է մի ընտանիքում, որտեղ կա երեխա, և այս չափանիշով է օգտվում կամ ապրում է ընտանիքում, որն օգտվում է տնտեսական աջակցման ծրագրից և այլն»,- ասաց նա։


Վարչապետը նշեց՝ հաջորդ կարևոր առանձնահատկությունն այն է, որ իրենց ծրագրերը սպառիչ չեն․ «9 հակաճգնաժամային միջոցառում ենք ընդունել և պայմանավորվել ենք, որ պետք է անընդհատ մոնիթորինգ անենք ու պարզենք, թե ում ենք բաց թողել, որպեսզի լրացնենք»։

Փաշինյանն ասաց՝ գիտեն, որ կան բազմաթիվ ձեռնարկություններ, որտեղ մարդիկ արձակուրդի են ուղարկված, բայց չեն վճարվելու, սակայն այսօր ՊԵԿ-ի բազաներում այդ հանգամանքը դեռ չի երևում, այն կերևա մինչև ապրիլի 20-ը, երբ եկամտահարկի հաշվետվությունները լինեն։

«Այդ ժամանակ հստակ կտեսնենք՝ ինչքան մարդ է, որ հարկադիր արձակուրդի է գնացել և չի վճարվել, և ինչքան մարդ է, որ գտնվել է ու վճարվել։ Այսպես հնարավորություն կունենանք առավել կարիքավորներին օգնելու առավել հասցեական, իսկ մինչ այդ, իհարկե, մենք կանգնած չենք, 9 ծրագիր ընդունել ենք, որոնց մի մասն արդեն իսկ աշխատում է, մյուս մասը այս շաբաթվա ընթացքում կաշխատի»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել