Եթե հարցը հեշտ լիներ, վաղուց լուծված կիներ. ԱԳ նախարարը՝ Արցախը բանակցային կողմ դարձնելու մտադրության մասին |armtimes.com|
06:53 - 05 հուլիսի, 2019

Եթե հարցը հեշտ լիներ, վաղուց լուծված կիներ. ԱԳ նախարարը՝ Արցախը բանակցային կողմ դարձնելու մտադրության մասին |armtimes.com|

armtimes.com։ Երեկ Արցախում  Արցախի նախագահ Բակո Սահակյանօ ու ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումից հետո։ Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է արցախցի լրագրողների հարցերին:

Հարց է հնչել վաշինգտոնյան հանդիպումներից հետո ՀՀ-ի հրապարակած տեղեկատվության վերաբերյալ Դավիթ Բաբայանի հայտարարության մասին:
Հիշեցնենք, նա ասել էր․ «Շնորհակալ ենք Երևանին, որ տեղեկացնում է մանրամասների մասին, բայց տեղեկացնելը քաղաքական և իրավական կատեգորիա չէ»։ Լրագրողները հետաքրքրվել են, թե բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգման հարցը օրակարգու՞մ է մնում։

«Դուք շատ լավ հասկանում եք, որ մեզ համար այս հարցն օրակարգային հարց է, և մենք ենք առաջ բերել այս հարցը, այս իշխանությունն է առաջ բերել այս հարցը, որ Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա լիարժեք ներգրավվածություն, որովհետև այն այս գործընթացի սուբյեկտ է։

Հասկանում եք, որ եթե հարցը հեշտ լիներ, վաղուց լուծված կլիներ: Սա օրակարգային հարց է, որը կանոնավոր, հետևողականորեն հետապնդվում է, որովհետև մենք ունենք գերակա խնդիր. սա պրակտիկ խնդիր է, սա պրագմատիկ մոտեցում է, որ եթե մենք լիարժեք և արդյունավետ բանակցային, խաղաղ կարգավորման գործընթացի մասին ենք խոսում և մտածում հաշվի չառնել այս կարևորագույն գործոնը, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ներգրավվածությանը և այս գործընթացում սեփականության զգացումի ամրապնդմանը, պրակտիկ առումով մենք վնաս ենք հասցնում խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետ աշխատանքին։

Դուք հիշում եք նաև, որ մենք Ստեփանակերտում ունեցել ենք Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ, որի ժամանակ նույնպես բոլորս միասին ընդարձակ խոսել ենք այս հարցի մասին և արտահայտել, որ մենք սա երբևէ առաջ չենք բերի որպես նախապայման, բայց մենք չենք կարող հաշվի չառնել, որ սա կոնկրետ հարց է, որն արհամարհելն անհնար է»,-պատասխանել է ՀՀ ԱԳ նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել