Եթե այլ կերպ հնարավոր չէ, ապա զարգացումը կարելի է ապահովել գործընթացները ճգնաժամի հանգեցնելով |lragir.am|
11:09 - 11 փետրվարի, 2020

Եթե այլ կերպ հնարավոր չէ, ապա զարգացումը կարելի է ապահովել գործընթացները ճգնաժամի հանգեցնելով |lragir.am|

lragir.am: Հարցազրույց Քաղաքացու որոշում ՍԴ կուսակցության քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանի հետ։

Ինչպե՞ս եք գնահատում ՍԴ խնդիրը հանրաքվեով հանգուցալուծելու իշխանությունների մոտեցումը՝ հաշվի առնելով, որ ընդդիմադիրները մատնանշում են, որ այն տեղի է ունենում ընթացակարգային լուրջ խախտումներով՝ շրջանցելով սահմանադրական կարգավորումները: Ձեր կարծիքով՝ սա՞ էր միայն ռացիոնալ լուծումը:

Բազմիցս նշել ենք, որ կեղծված սահմանադրությունը որպես հարաբերությունների հիմք դնելու հետևանքը լինելու է այն, որ լղոզվելու են ճշտի ու սխալի սահմանները։ Քաղաքական որևէ դերակատար, մատնանշելով դրա կեղծված բնույթը, կարող է հանգիստ խախտել «սահմանադրությունը»։ Եվ հակառակը, պատեհ առիթով էլ կարող է վկայակոչել «սահմանադրությունը», երբ իրեն պետք է դրանով հիմնավորել իր ասելիքը։ Այդ պատճառով, մինչև նոր ու լեգիտիմ սահմանադրության ընդունումը մենք անընդհատ բախվելու ենք այսպիսի խնդիրների։

Խախտվելիք ընթացակարգի իմաստը հեղինակավոր կառույցից կարծիք հարցնելն է, թե որքանով է հանրաքվեի դրվելիք հարցը համապատասխանում մեր սահմանադրությանը։ Բայց հարց է առաջանում՝ արդյոք ՍԴ-ն, որտեղ պետք է դիմել, հեղինակավոր է։ Բազմիցս գնահատականներ են հնչել, որ հանրությունը վստահություն չունի այդ կառույցի նկատմամբ։ Ես էլ այդպիսի վստահություն չունեմ։ Ես կարծում եմ, որ որպես ինստիտուտ այն իրեն վարկաբեկել է վերջին տասնամյակների ընթացքում։ Այդ կառույցը ստեղծված էր սահմանադրական արդարադատություն իրականացնելու համար, բայց մեծապես նույն կազմով այդ դատարանը լուռ հետևել է, թե ինչպես է խախտվում սահմանադրական կարգը, իսկ որոշ դեպքերում դրան փութաջանորեն հավանություն է տվել։ Կարծում եմ, որ անկախ օրենսդրական կարգավորումներից, այդ անձանցով ձևավորած կառույցից, փոփոխությունների համար թույլտվություն հարցնելու ձևական պարտավորությունը կարելի է շրջանցել։ Այ, երբ կձևավորվի լեգիտիմ դատարան, որի սահմանադրական արդարադատության իրականացնելու մղումների մեջ կասկած չի լինի, ես, որպես ՀՀ մի քաղաքացի, դեմ կլինեմ, որ չդիմեն։

Իսկ լուծումները բազմաթիվ էին։ Ընտրվել է այս մեկը, որի հետ իրականում ոչ մի խնդիր չկա։ Ասեմ ավելին, եթե սա դիտարկենք որպես սադրանք՝ Սահմանադրական դատարանի, սահմանադրության, սահմանադրականության, պետության էության, պետական համակարգի տարբեր ճյուղերի տարանջատվածության մասին մտածելու, ապա գուցե սա հենց այն էր, ինչ պետք էր մեզ։ Եթե այլ կերպ հնարավոր չէ, ապա զարգացումը կարելի է ապահովել գործընթացները ճգնաժամի հանգեցնելով։ Հետագայում սա լավ դաս կլինի ու, գուցե, ոչ միայն մեզ համար։

Կարծում եք՝ Հայաստանը կմարսի՞ առանց Վենետիկի հանձնաժողովի հանրաքվեով Սահմանադրության մեջ փոփոխություն անելու քայլը: Որքա՞ն է իրական վտանգը, որ դրանից հետո Հայաստանի նկատմամբ կարող են լինել բացասական զեկույցներ և անգամ պատժամիջոցներ:

Նախ, Վենետիկի հանձնաժողովի կարծիքը խորհրդատվական է և կատարման համար ոչ պարտադիր։ Երկրորդը, ձեր հարցի մեջ մի սարսափելի հանգամանք կա։ Վերաձևակերպելով այն, կստացվի, թե արդյոք Հայաստանի ժողովուրդը՝ սահմանադիրը, կմարսի, եթե իր կյանքի վերաբերյալ ինքը որոշում կայացնի, այլ ոչ թե դրա մասին հարցնի ինչ-որ հանձնաժողովի, որի ղեկավարի կոռումպացվածության մասին միայն ալարկոտները չեն խոսում։ Մենք խոսում ենք մի կառույցի մասին, որը ներկա սահմանադրությունը բնութագրել է գերադրական ածականներով և որի փոխանցումով հանրապետականներն այն ներկայացնում են որպես Եվրոպայի ամենալավ սահմանադրություններից մեկը։ Բայց նույնիսկ անկախ անձանցից, կառույցների հեղինակություններից ու մնացած ամեն ինչից, Հայաստանը, ինչպես միջազգային իրավունքի ցանկացած սուբյեկտ, կարող է ինքնուրույն որոշել, թե ինչպես է ուզում ապրել, և որևէ մեկն իրավունք չունի միջամտել երկրի ներքին գործերին։ Այդ նախկին քաղաքական համակարգն էր, որ ներքին լեգիտիմության պակասի պայմաններում ստիպված էր որևէ փոփոխության համար լեգիտիմություն մուրալ դրսում։ Հիմա և, հուսանք՝ առհավետ, այդ հարցը լուծվել է մեր բոլորի ջանքերով։

Տեսակետ կա, որ ճիշտ ճանապարհն այն կլիներ, որ իշխանությունը նախապատրաստեր սահմանադրական փոփոխությունների կամ նոր Սահմանադրության ամբողջական փաթեթ և այդկերպ լուծեր խնդիրը: Թե՞ վտանգ կար, որ նույն ՍԴ անդամները իրենց ոչ ձեռնտու հատվածները իրենց եզրակացությամբ կհամարեին հակասահմանադրական:

Գուցե այդպիսի վտանգ կար, բայց արդյոք դա էական է նրա ֆոնին, ինչի մասին խոսում էինք առաջին հարցի պատասխանում։ Այո, խնդրի լուծման բազում տարբերակներ կային և հիմա էլ կան։ Ես ուրախ եմ, որ հենց այս մեկն է ընտրվել։ Կրկնեմ, որ մենք պետություն, դրա առանձին մարմիններ ձևավորելու տարրական գիտելիքների պակաս ունենք և նույնիսկ սխալվելու, այդ սխալները շտկելու, հետագայում դրանք բացառելու գնով մենք պետք է երկար ճանապարհ անցնենք՝ բացը վերականգնելով։ Բացի դա, հանրության՝ սեփական կյանքի վերաբերյալ որոշումների կայացման ցանկացած լրացուցիչ մասնակցություն դրական է այն առումով, որ դա սովորություն դառնալու միտում կարող է ունենալ։ Անկախ նրանից, թե հանրաքվեն որպես խնդրի լուծման գործիք կիրառելով կառավարող քաղաքական ուժն ինչ նպատակներ է հետապնդել, վաղը ժողովուրդը պահանջելու է այլ էական հարցեր էլ դնել հանրաքվեի։ Բանն այն է, որ մենք ուղիղ ժողովրդավարության այլընտրանք չունենք։ Մենք ասելով նկատի ունեմ ոչ միայն Հայաստանը, այլ նաև ամբողջ մարդկությունը։ Կուսակցությունների, քաղաքական ֆորմալ միավորների և ներկայացուցչական դեմոկրատիայի դերը գնալով պակասում է աշխարհում, և լավ կլինի մենք ժամանակին սովորենք ինքներս մեր ճակատագիրը տնօրինելու մեխանիզմները։

Արդյոք հանրաքվեով ՍԴ այս կազմից ազատվելով մենք կարող ենք ակնկալել, որ կունենանք վստահելի ՍԴ, և արդյոք միայն ՍԴ կազմը փոխելով կվերականգնվի հանրության վստահությունը դատական համակարգի նկատմամբ:

Այս պրոցեսը խնդիրը դրական լուծելու հեռանկար ունի։ Անհրաժեշտ է ուղղակի ամեն ինչ ճիշտ անել և կես ճանապարհից հետ չկանգնել, ինչպես տեսել ենք այլ հարցերում։ Ըստ էության, կառավարող ուժը մեծ պատասխանատվություն է վերցրել ընթացակարգային խախտումներով նման փոփոխություն նախաձեռնելով։ Եթե այս մարտահրավերից նա հաղթանակած դուրս գա, ապա մենք կշահենք ոչ միայն վստահելի ու հեղինակավոր ՍԴ ունենալով։ Հակառակ պարագայում հետևանքներն իր համար անկանխատեսելի կլինեն։ Հաղթանակած ասելով ես նկատի ունեմ միայն մի ելք՝ երբ իրականում կձևավորվի անաչառ Սահմանադրական դատարան և այն չի դառնա «Իմ քայլ»-ի դատարանը։ Հակառակ պարագայում նոր անդամները դուրս կշպրտվեն նույն հաջողությամբ, ինչ այս մի դատարանի անդամները՝ իենց հետևից քարշ տալով հովանավորներին

Շարունակությունը՝ lragir.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել