ԵՊԲՀ–ն արձագանքում է ՊՎԾ–ի տարածած հայտարարությանը |news.am|
15:05 - 10 հունիսի, 2019

ԵՊԲՀ–ն արձագանքում է ՊՎԾ–ի տարածած հայտարարությանը |news.am|

news.am: «Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամն արձագանքում է ՀՀ պետական վերահսկողական ծառայության տարածած հայտարարությանն ուսումնասիրությունների արդյունքների հետ կապված։

«Պաշտոնապես ԵՊԲՀ-ն 2019 թվականի մայիսի 29-ին է ստացել ՊՎԾ -ի կողմից ԵՊԲՀ-ում իրականացված ուսումնասիրությունների մասին տեղեկանքը: Տեղեկանքին կից գրության մեջ հստակ նշված է, որ տեղեկանքի մասին դիրքորոշում ԵՊԲՀ-ն պետք է ներկայացներ մինչեւ հունիսի 15-ը:

Թե որքանով է պրոֆեսիոնալ, գործընկերային, ճիշտ եւ տեղին հայտարարություններ անելը մինչեւ վերահսկողության ենթարկված հաստատության՝ այս դեպքում ԵՊԲՀ-ի պաշտոնական պատասխանը չստանալով, թողնում ենք յուրաքանչյուրի դատողությանը:

Տեղեկացնենք, որ ԵՊԲՀ-ում շուրջ 6 ամիս ուսումնասիրություններ են իրականացվել՝ ուսումնասիրության ժամանակահատվածն է եղել 2015-2018 թվականները:

Այժմ տեղեկանքում նշված փաստերի մասին. ներկայացված 2 տվյալների ժամանակահատվածը 2015-2016 թվականներն են, սակայն հայտարարության մեջ ՊՎԾ-ի կողմից ներկայացված «փաստերը» դեռեւս իրավականորեն հաստատված չեն, ինչի մասին, ի տարբերություն ՊՎԾ-ի, կներկայացնենք փաստարկված եւ օրենքի տառին համապատասխան:

Հավելենք, որ ՊՎԾ-ի տեղեկանքում, հստակ արձանագրված են ԵՊԲՀ-ի տարբեր ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման բարելավումները՝ թե ֆինանսական եւ թե կազմակերպչական, միգուցե կամ տեխնիկական բացթողում է եղել դրանց չարձանագրումը ՊՎԾ-ի հայտարարության մեջ կամ ՊՎԾ-ն աշխատաքային նման գործելաոճ է որդեգրել՝ խոսել միայն բացթողումների մասին՝ չսպասելով համապաստախան պատասխանին:

Ավելացնենք, որ ուսումնասիրության ողջ ընթացքում ԵՊԲՀ-ի աշխատակիցները կառուցողական եւ պատրաստակամ աշխատել են ՊՎԾ ներկայացուցիչների հետ եւ ի տարբերություն ուսումնասիրության ընթացքում երկուստեք պրոֆեսիոնալ մոտեցումներին, պետք է փաստենք, որ նմանաբովանդակ հայտարարությունն առնվազն տարակուսանքի տեղիք է տալիս եւ հուսով ենք, որ ՊՎԾ-ն անհրաժեշտ հավելյալ պարզաբանումներ կներկայացնի՝ տարատեսակ տարընկալումներից խուսափելու համար:

Վերջում, քանի որ հենց ՊՎԾ-ի կողմից առիթ ընձեռնվեց հրապարակային խոսել ուսումնասիրության արդյուքների մասին, կցանկանայինք նաեւ շնորհակալություն հայտնել ՊՎԾ աշխատակիցներին՝ համատեղ աշխատանքի համար եւ հույս հայտնել, որ հետագայում աշխատանքների ամփոփումների վերաբերյալ տեղեկատվությունը նույնպես կլինի արհեստավարժ եւ օբյեկտիվ՝ ինչպես ուսումնասիրության ողջ ընթացքը»,–գրել է ԵՊԲՀ–ի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել