news.am։ Միջերկրական ծովում ծովային գոտիների ապալիմիտացման վերաբերյալ Թուրքիայի եւ Լիբիայի հուշագիրը խախտում է երրորդ պետությունների ինքնիշխան իրավունքները եւ նրանց համար իրավական հետեւանքներ չի կարող ունենալ, նշված է ԵՄ գագաթնաժողովի հավանություն ստացած հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Թուրքիայի եւ Լիբիայի միջեւ ստորագրված Միջերկրական ծովում ծովային իրավազորության ապալիմիտացման մասին փոխըմբռնման հուշագիրը խախտում է երրորդ պետությունների ինքնիշխան իրավունքները, չի համապատասխանում ծովային իրավունքին եւ երրորդ պետությունների համար չի կարող ոչ մի իրավական հետեւանք ունենալ»,- նշված է հայտարարության մեջ:

Նշված է, որ «Եվրոպական խորհուրդը ոչ երկիմաստորեն հաստատում է իր համերաշխությունը Հունաստանի եւ Կիպրոսի հետ՝ կապված Թուրքիայի այս գործողությունների հետ»:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը եւ Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջը, որը վերահսկում է երկրի միայն մի հատվածը, նոյեմբերի վերջին հուշագիր էին ստորագրել ռազմական ոլորտում համագործակցության եւ ծովային գոտիների վերաբերյալ փոխըմբռնման մասին: Թուրքիան հրապարակել էր ծովային գոտիների քարտեզ՝ «հաշվի առնելով թուրք-լիբիական հուշագիրը»: Թուրքիան չի ճանաճում շելֆի նկատմամբ հունական կղզիների իրավունքը:

Հունաստանը կարծում է, որ Թուրքիան փորձում է յուրացնել հունական բացառիկ տնտեսական գոտու զգալի մասը՝ այն դեպքում, երբ Աթենքն ու Անկարան ԲՏԳ սահմանները չեն համաձայնեցրել: