factor.am: ԵՄ նոր ղեկավարության հետ ամփոփել ենք երկկողմ հարաբերությունների օրակարգը, վերահաստատել այն գերակա կետերը, որոնք կան օրակարգում։ Այս մասին Բրյուսելում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Նա նշել է, որ քննարկվող թեմաների շարքում է եղել նաև վիզաների ազատականացման հարցը։ Նախարարը դժվարացել է հստակ ժամկետներ նշել, սակայն ընդգծել է՝ լավատեսական է տրամադրված և դրա համար առիթ կա։

«Հայաստանը որևէ կերպ չի քաջալերում, չի խրախուսում անօրինական միգրացիան, դա արտահայտվում է և՛ իրավական առումով, և՛ գործողությունների առումով։ Միևնույն ժամանակ, կա այն կարևորագույն քաղաքական նպատակը, որը վերաբերում է մարդկային շփումների ակտիվացմանը և ճանապարհորդելու հնարավորությունների ընդլայնմանը»,- նշել է նախարարը:

Նա հավելել է, որ կան հանգամանքներ, որոնք անմիջապես Հայաստանին ու ԵՄ-ին չեն վերաբերում. «Կա լայն ենթատեքստ, որը նույնպես որոշ չափով խոչընդոտում է քաղաքական այդ որոշումն ապահովելուն: Բայց ես ավելի լավատեսական եմ տրամադրված և կարծում եմ, որ առիթ ունեմ դրա համար։ Կարծում եմ՝ մոտ ժամանակներս կկարողանանք այդ ճեղքումն ապահովել»։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև Հայաստանի ներքին բարեփոխումներին և ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացմանը, ԵՄ-ի կողմից Հայաստանում տրվող ֆինանսավորմանը, ինչպես նաև տարածաշրջանային հարցերին։