ԵՄ-ի հետ մեր մերձեցումը չի ենթադրում Ռուսաստանի նկատմամբ որեւէ դավադրություն․ Նիկոլ Փաշինյան
10:07 - 05 մարտի, 2019

ԵՄ-ի հետ մեր մերձեցումը չի ենթադրում Ռուսաստանի նկատմամբ որեւէ դավադրություն․ Նիկոլ Փաշինյան

Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթից հետո ներկաների հարցերին պատասխանելիս Նիկոլ Փաշինյանը նշել է․- «Եվրոպական միությունը Հայաստանի առաջ աշխարհաքաղաքական կողմնորոշման հարց չի դնում: Եվրամիության հետ մեր համագործակցության օրակարգն ամբողջությամբ միտված է բարեփոխումների իրականացմանը:

Անշուշտ, Ռուսաստանի հետ մեր համագործակցությունը շատ կարևոր է, քանի որ մենք շարունակում ենք մնալ ռազմավարական գործընկերներ, և ես կարծում եմ, որ հակասություններ չկան և չեն կարող լինել Ռուսաստանի և Եվրոպական միության հետ մեր հարաբերություններում: Դրանք թափանցիկ են, և ես կարևոր եմ համարում ընդծել, որ Եվրամիության հետ մեր մերձեցումը չի ենթադրում Ռուսաստանի նկատմամբ որևէ դավադրություն, ճիշտ այնպես, ինչպես չկա դավադրություն Եվրոպական միության նկատմամբ` Ռուսաստանի հետ մեր շարունակական հարաբերություններում:       

Մեզ համար չափազանց կարևոր է համագործակցությունն էներգետիկայի բնագավառում, և մենք մտադիր ենք զարգացնել այն Ռուսաստանի և Իրանի հետ: Օրեր առաջ ես այցելեցի Իրան, և մենք քննարկեցինք էներգետիկայի բնագավառում համագործակցության խորացման հնարավորությունները»: 

Ինչ վերաբերում է հայաստանյան ներքաղաքական զարգացումներին և տնտեսական փոփոխություններին, Հայաստանի վարչապետն ընդգծել է` այս համատեքստում կառավարության գաղափարախոսությունը մնում է նույնը: «Դրա հիմքում մարդկանց քաջալերելն է, որպեսզի նրանք կոնկրետ քայլեր կատարեն իրենց ապագան որոշելու ուղղությամբ: Քաղաքական հեղափոխությունից հետո մենք հորդորում և խրախուսում ենք մարդկանց, որպեսզի նրանք տնտեսական ակտիվ գործունեություն ծավալեն:

Հեղափոխությունից առաջ մենք ունեինք մենաշնորհներ և օլիգարխիա, որոնք սահմանափակում էին տնտեսական գործունեության հնարավորությունները մեր երկրում: Հիմա մենք բացում ենք դաշտը՝ հավասար պայմաններ ստեղծելով բոլոր խաղացողների համար:

Կարևոր է, որ մենք բարեփոխում ենք մեր հարկային օրենսդրությունը ի նպաստ փոքր և միջին բիզնեսի: Եվ մենք փորձելու ենք ստեղծել տնտեսական գործունեության նոր դաշտ՝ միկրոբիզնես, որտեղ մարդիկ ազատ կլինեն հարկերից: Մենք պատրաստվում ենք նաև կատարել օրենսդրական փոփոխություններ ներդրումային միջավայրը բարելավելու նպատակով: Դրան զուգահեռ զարգացնելու ենք ենթակառուցվածքները, ինչի համար մեզ անհրաժեշտ է տեխնիկական և ֆինանսական օժանդակություն ստանալ նաև  Եվրամիությունից:

Կրկին անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ մենք պետք է էլ ավելի հզորացնենք ժողովրդավարական ինստիտուտները Հայաստանում: Կցանկանայի հատուկ շեշտել, որ ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունն այլևս անշրջելի են Հայաստանում, և նախկին կոռումպացված համակարգը չի կարող վերադառնալ», - եզրափակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ կառավարություն


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել