ԵՄ-ի հետ հարաբերություններում թափանցիկ ենք ռուս գործընկերների համար․ Փաշինյանը՝ «ՏԱՍՍ»-ին |24news.am|
12:47 - 06 մարտի, 2019

ԵՄ-ի հետ հարաբերություններում թափանցիկ ենք ռուս գործընկերների համար․ Փաշինյանը՝ «ՏԱՍՍ»-ին |24news.am|

Բրյուսել այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական ՏԱՍՍ գործակալությանը հարցազրույց է տվել՝ նշելով, որ իր այցն ունի կոնկրետ նպատակ, և դա Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կատարումն է։ 

«Մենք այս գործընթացում բացարձակ թափանցիկ ենք մեր ռուսաստանյան գործընկերների համար», – ասել է Փաշինյանը, ապա տեղեկացրել, որ Եվրամիությունը որևէ աշխարհաքաղաքական պայման չի դնում Հայաստանի առաջ այս բարեփոխումների իրականացման համար։    

«Անցած տարի Հայաստանում տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն, եւ մեզ համար շատ կարեւոր է, որպեսզի Ռուսաստանում հասարակության բոլոր շերտերը ճիշտ հասկանան նրա էությունը, նրա պատճառները», - ասել էՆիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին է հայ-ռուսական բանակցությունների հիմնական օրակարգն այսօր։ 

«Ցավոք, մինչեւ հիմա շատ փորձագիտական շրջանակներ Ռուսաստանում փորձում են Հայաստանում տեղի ունեցածը ներկայացնել որպես այսպես կոչված գունավոր հեղափոխությունների շարքի իրադարձություն։ Բայց մեզ համար շատ կարեւոր է, որպեսզի մեր ռուս բարեկամները եւ գործընկերները հասկանան, որ տեղի ունեցածը ոչ մի աշխարհաքաղաքական համատեքստ չունի, եւ ոչ մի օտարերկրյա ուժ ներգրավված չի եղել գործընթացում։ Դա ազգային արժանապատվության հարց է, եւ իմ անձնական արժանապատվության հարցը։ Նման մեկնաբանությունը, թե ինչ-որ մեկը հայ ժողովրդին օգտագործել է իր աշխարհաքաղաքական նպատակներով, վիրավորական է մեզ համար։ 

Հայաստանը անկախ երկիր է, անկախ ազգ՝ արժանապատվության բարձր զգացումով»,- նշել է վարչապետը, ապա հավելել, որ կարեւոր է հուսալի գործընկերներ լինելը.
«Մենք կլինենք հուսալի գործընկեր բոլորի համար, ում մենք համարում ենք մեր հուսալի գործընկերը, սրանում որեւէ կասկած լինել չի կարող։ Իսկ նրանց, որոնք հուսալի չեն, մենք պետք է գնահատենք՝ արդյոք պե՞տք է նրանց մեր գործընկերը համարենք»,-ասել է Փաշինյանը։

24news.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել