ԵԽ Նախարարների կոմիտեն հրապարակել  է ՄԻԵԴ վճռի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ դիրքորոշումը |lragir.am|
06:35 - 22 մայիսի, 2019

ԵԽ Նախարարների կոմիտեն հրապարակել է ՄԻԵԴ վճռի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ դիրքորոշումը |lragir.am|

lragir.am: Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն 2019 թվականի մարտին կայացած նիստի ընթացքում քննարկել է «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի կատարման վիճակը:

Քննարկման արդյունքում Նախարարների կոմիտեն ընդունած որոշմամբ առանձին անդրադարձել է նաև տվյալ վճռի կատարման վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած հատուկ դիրքորոշմանը:

Հատկանշական է, որ «Վճիռների և բարեկամական կարգավորումների կատարման վերահսկման վերաբերյալ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կանոններով» սահմանված կարգով Պաշտպանի հատուկ դիրքորոշումը պաշտոնապես հրապարակվել և շրջանառության է դրվել ԵԽ անդամ բոլոր 47 պետություններում:

Նախարարների կոմիտե է ներկայացվել նաև ՀՀ կառավարության արձագանքը, որում բարձր է գնահատվել Պաշտպանի հատուկ դիրքորոշման և դրանում ներկայացված կոնկրետ առաջարկությունների կարևորությունը վճռի արդյունավետ կատարման գործընթացում:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության պատմության մեջ առաջին անգամ Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե է ներկայացրել հատուկ դիրքորոշում` կապված Մարդու իրավունքների եվրոպական դատարանիՀայաստանին վերաբերյալ վճռի կատարման հետ:

Պաշտպանը կարևոր է համարում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի իրավունքի գերակայության և մարդու իրավունքների գլխավոր տնօրինության, ինչպես նաև ԵԽ երևանյան գրասենյակի հետ շարունակական աշխատանքը: Այն կարևոր նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշները, մասնավորապես՝ Եվրոպական դատարանի իրավաբանությունը ներպետական օրենսդրություն ու իրավակիրառ պրակտիկա ներմուծելու հարցում:

Եվրոպական դատարանի վճիռների կատարմանը Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատությունը կշարունակի մասնակցել՝ համագործակցելով նաև պետական համակարգի ու քաղաքացիական հասարակության գործընկերների հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել