ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ջանքերով բանաձևից հանվել են հակահայկական ձևակերպումները |armenpress.am|
13:34 - 06 հուլիսի, 2019

ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ջանքերով բանաձևից հանվել են հակահայկական ձևակերպումները |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովը ընդունել է ֆրանսիացի պատվիրակի կողմից առաջարկված դրույթ, որով արձանագրվում է, որ Արցախի հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես Մինսկի խմբի եռանախագահության ֆորմատում՝ երեք հավասարազոր սկզբունքների հիման վրա՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման: Հայկական պատվիրակությունը կարողացել է կանխել նաև բանաձևերից մեկում հակահայկական ձևակերպումների ընդգրկումը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտնեց ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Մեզ համար ամենահիմնարար հարցն այն էր, որ երեկ ու այսօր ԽՎ-ի քաղաքական կոմիտեն քննարկում էր իռլանդացի մի պատգամավորի կողմից առաջարկված մի բանաձև, որտեղ տարբեր պատճառների արդյունքում տեղ էին գտել որոշ հակահայկական դրույթներ: Եվ այն պետք է քննարկվեր հանձնաժողովում և քվեարկվեր: Բնականաբար մենք հասկանում ենք, որ այս ամենը կարող էր տեղի ունենալ ոչ առանց ադրբեջանցիների ակտիվ միջամտության արդյունքում: Այն պահից, երբ տեղեկացանք, որ կա նման բան, սկսեցինք խորհրդարանական դիվանագիտության բոլոր խողովակներով աշխատել, որպեսզի կանխենք բոլոր հակահայկական ձևակերպումները: Մասնավորապես բանաձևում կար ձևակերպում՝ այսպես կոչված «Ադրբեջանի 7 շրջանների վերաբերյալ»: Եվ մեր պատվիրակությունն իր ակտիվ ջանքերով կարողացավ այնպես անել, որ այդ անհեթեթ ձևակերպումը դուրս եկավ, և դա չի լինելու ԵԱՀԿ ԽՎ-ի բանաձևում »,-ասաց Հայկ Կոնջորյանը:

Կոնջորյանը կարևորեց նաև երկու կարևոր փոփոխությունների ընդունումը, որոնցից մեկը ներկայացրել էր ֆրանսիացի պատվիրակը, մյուսը՝ պատվիրակության ղեկավարը: «Այդ երկու դրույթներն արձանագրում էին, որ բանակցություններով կա հսկա առաջընթաց և որ ԼՂ-ի հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես Մինսկի խմբի եռանախագահության ֆորմատում և երեք հավասարազոր սկզբունքների հիման վրա՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը և ազգերի ինքնորոշումը»,- ասաց Կոնջորյանն ու կարևորեց, որ դա արձանագրվեց ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովում:

Նա նշեց, որ Ադրբեջանն անընդհատ փորձում է բանակցային գործընթացը դուրս բերել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատից,և փորձում է օգտագործել բոլոր հարթակները, որ իրենց խայտառակ միակողմանի բառապաշարը դարձնի միջազգային հանրության մոտ քննարկման առարկա: Այս առումով նա շատ կարևոր համարեց, որ կարողացան ԽՎ-ի մակարդակով հաստատել, որ Ղարաբաղյան հարցով զբաղվող միակ լեգիտիմ կառույցը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունն է, և որ խնդիրը պետք է կարգավորվի Հելսինկյան եզրափակիչ ակտի հավասար սկզբունքների վրա: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել