Այսօր Կառավարության նիստի ժամանակ ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ երեկ երեկոյան տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ որոշումը թարմացվել է, և մի շարք ոլորտներում տնտեսական գործունեության տեսակներ թույլատրվել են։
«Մարզային անցակետերը հանվել են։ Կարելի է ասել՝ բոլոր մարզերում արդեն վիրուսի տարածվածություն ունենք, և այդ ուժերն ավելի կենտրոնացնելու ենք այն հատվածներում, որտեղ իրապես կա վերահսկողության կարիք, ինչպես նաև օգտագործելու ենք համայնքային սահմանափակումները, եթե տեսնենք՝ որևէ համայնքում բռնկում է տեղի ունենում»,- նշեց նա:
Փոխվարչապետ խոսքով՝ տեղորոշման համակարգերն ավելի ու ավելի էֆեկտիվ են աշխատում այս փուլում։ Համակարգը տեղափոխվել է ԱԻՆ-ի կառավարման կենտրոն, և այնտեղից և՛ համաճարակաբանները, և՛ ԱԻՆ-ի աշխատակիցները, և՛ ծրագրավորողները աշխատում են, և համակարգը փոխլրացնում է Համաճարակների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի աշխատանքը:
«Այս փուլում կարելի է ասել, որ դեռևս վիրուսի տարածման տենդենցը վերահսկելի է, և եթե նման ձևով շարունակվի, կարծում եմ՝ մենք կրկին կշարունակենք տնտեսական գործունեության տարբեր տեսակներ բացել»,- նշեց նա:
comment.count (0)