Դասադուլն առժամանակ դադարեցվել է. ուսանողները դիմում կհանձնեն ԵՊՀ ռեկտորին ու կսպասեն նախարարի պահվածքի գնահատականին |armtimes.com|
09:42 - 20 նոյեմբերի, 2019

Դասադուլն առժամանակ դադարեցվել է. ուսանողները դիմում կհանձնեն ԵՊՀ ռեկտորին ու կսպասեն նախարարի պահվածքի գնահատականին |armtimes.com|

armtimes.com: Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները այսօրվանից 3 օր դասադուլ չեն իրականացնի: Նրանց օրակարգը մի փոքր կփոխվի, սակայն դա չի նշանակում, որ ֆակուլտետն ընդհանրապես դասադուլը դադարեցնում է: Այս մասին, մեզ հետ զրույցում, նշեց ֆակուլտետի ուսանող Գեւորգ Գյուլումյանը:

 Նրա խոսքով՝ այս օրերին այլ գործով պետք է զբաղվեն: Այսօր ուսանողներն իրենց մասնաշենքից քայլերթով կգնան ԵՊՀ կենտրոնական մասնաշենք՝ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանին եւ ԵՊՀ գիտական խորհրդի անդամներին փոխանցելու իրենց դիմում-նամակները:

Ինչպես նշեց Գեւորգ Գյուլումյանը, ուսանողներն այդ նամակներով ակնկալում են ռեկտորի եւ գիտխորհրդի արձագանքը, դիրքորոշումը պրոֆեսորադասախոսական կազմի հետ կայացած հանդիպման ընթացքում Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի պահվածքի հետ կապված:

Նախարարը օրեր առաջ իր մոտ էր ընդունել ԵՊՀ հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների դասախոսներին, ովքեր բարձրաձայնել էին «Բարձրագույն կրթության եւ գիտության» օրենքի նախագծի վերաբերյալ իրենց մտահոգությունները:

Դասախոսներից շատերն Արայիկ Հարությունյանին կոչ էին արել՝ անսալ հայագետների ձայնին եւ դառնալ այն նախարարը, որը ճիշտ որոշում կկայացնի՝ հայագիտության պահպանման եւ հետագա զարգացման գործում, ինչին նախարարը հակադարձել էր՝ լավ կլինի, որ դասախոսներն իրենք անսան եւ լսեն այն փաստարկները, որոնք հնչում են եւ եզրակացություններ անեն բացառապես փաստերի հիման վրա:

Արայիկ Հարությունյանը անդրադարձել էր բողոքներին ու խոսել նախագծով «հայոց լեզու», «հայ գրականություն», «հայոց պատմություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու դրույթի վերաբերյալ եւ հայտարարել՝ ոլորտում նախատեսվող մի շարք բարեփոխումների մասին:

Այս օրերին ուսանողները դասադուլ չեն իրականացնի եւ կսպասեն ռեկտորի արձագանքին, իսկ մինչեւ այդ ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարներին այսօր միացել է նաեւ Երեւանի Հյուսիսային համալսարանը:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել