Գ. Բեգլարյանի եղբայրը, հանդիսանալով ՓԲԸ-ի տնօրեն, ողջ գույքը 25 տարով վարձակալության է հանձնել իր կնոջ ՍՊԸ-ին. Բաբայան |armtimes.com|
12:01 - 24 փետրվարի, 2020

Գ. Բեգլարյանի եղբայրը, հանդիսանալով ՓԲԸ-ի տնօրեն, ողջ գույքը 25 տարով վարձակալության է հանձնել իր կնոջ ՍՊԸ-ին. Բաբայան |armtimes.com|

armtimes.com: Հեղափոխությունից հետո Պետական գույքի կառավարման կոմիտեի գործունեության հետ կապված 32 քրեական գործ է հարուցվել: Այդ գործերից մի քանիսն առնչվում են նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Օրինակ՝ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Յուրի Բեգլարյանը, հանդիսանալով պետական ՓԲԸ-ի տնօրեն, ամբողջ գույքը 25 տարի ժամկետով վարձակալության է հանձնել իր կնոջ անունով գրանցված ՍՊԸ-ին: Այս մասին ասաց կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

Նրա հետ զրույցը՝ ստորեւ.

- Պարո՛ն Բաբայան, ձեր նշանակումից հետո ի՞նչ բացահայտումներ են արվել կոմիտեի գործունեության հետ կապված, քանի՞ քրգործ կա հարուցված, ի՞նչ փուլում են դրանք:

- Գործերը, որոնք կա՛մ հարուցվել են, կա՛մ ուսումնասիրության փուլում են, այս պահին 32-ն են: Դրանց մի ստվար զանգվածը վերաբերում է գնահատող մի կազմակերպության, որին նախկինում պետական գույքի կառավարման վարչությունը պատվիրակել էր գույքի գնահատում՝ այն դեպքում, որ մենք ունենք գնահատման ՊՈԱԿ: Պատճառ է բերվել, թե այդ ՊՈԱԿ-ը ծանրաբեռնված է: Իսկ այդ կազմակերպությունը, ներկայիս մեր վերահաշվարկի տվյալներով, էապես ցածր է գնահատել, ու այդպիսի գործերի թիվը շատ է: Անգամ հիմա չեմ հիշում, թե այդ գնահատումների տարբերությունը քանի միլիարդ դրամի է հասնում: Նույնիսկ այդ գնահատումներից հետո գույքը գնահատված արժեքից  ցածր գնով է վաճառվել՝ հաճախ ներդրումների դիմաց, որոնց իրականացումը որոշ դեպքերում խնդրահարույց է:

Մենք ունենք, օրինակ, հարուցված քրեական գործ՝ «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» պետական ՓԲԸ-ի հետ կապված, որը փոխկապակցված է Բեգլարյանների ընտանիքի հետ: Ամբողջ ՓԲԸ գույքը 25 տարով վարձակալության է հանձնվել «Օլիմպիական ապագա» ՍՊԸ-ին: ՓԲԸ-ի տնօրենը Յուրի Բեգլարյանն է (Գագիկ Բեգլարյանի եղբայրը), իսկ ՍՊԸ-ն գրանցված է Յուրի Բեգլարյանի կնոջ անունով: Մյուս քրգործը վերաբերում է Ձորահէկ-ին, որը օտարվել է շուկայական արժեքից անհամեմատ ցածր գնով: Մենք մինչեւ հիմա էլ որոշակի խախտումներ ենք հայտնաբերում:

- Հեղափոխությունից հետո շուրջ 2 տարում Պետգույքի կառավարման կոմիտեն քանի՞ մասնավորեցված պետական գույք է կարողացել վերադարձնել պետությանը կամ քանի՞ նմանատիպ դեպք է արձանագրել եւ դիմել իրավապահներին: Ի՞նչ փուլում են դրանք:

- Առհասարակ մասնավորեցված գույքը հետ բերելու նպատակ չպետք է լիներ: Ուղղակի բանն այն է, որ կան դեպքեր, երբ այդ մասնավորեցումներն աղաղակող խախտումներով են եղել: Էլ չասեմ, որ այդ ամբողջ ուսումնասիրությունը բավական մարդկային ռեսուրսներ է պահանջում, ու այդքան ժամանակ չկա: Առավել հայտնի գույքեր մասնավորեցվել են ավելի վաղ շրջանում՝ 90-ականներին, 2000-ականներին, եւ շատ դեպքերում դրանց մասին տեղեկատվությունը բացակայում է: Շատ են քրեական գործերը, որոնք հարուցվել են այդ խախտումների հետ կապված: Ասեմ, որ դրանք էլ երկար ձգձգվում են եւ բավականին ծավալուն են: Դժվար է նաեւ խախտումները, կոռուպցիոն դեպքերը գտնելը, որովհետեւ լինում են դեպքեր, երբ դրանցում առերեւույթ՝ թղթաբանորեն, օրենսդրորեն, ամեն ինչ պահպանված է: Ինչքան էլ որ մենք դեմ չենք եւ հարկ եղած դեպքում ուսումնասիրություններ ենք անում, այնուամենայնիվ, մեր հայացքներն ուղղված են դեպի առաջ: Մենք հիմա ունենք բավականին պետական գույք, որի արդյունավետ կառավարումը մեր գերխնդիրն է:

- Ի՞նչ փուլում է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կողմից «Ակնալիճ կուղբաբուծական տնտեսություն» ընկերության փոխանցումը պետությանը: Արդյոք այդ հնարավոր նվիրաբերության մե՞ջ է ներառված նաեւ ներսի գույքը եւ կենդանիները:

- Այն դեռեւս չի փոխանցվել պետությանը: Առայժմ ես չունեմ որեւէ հանձնարարական այս հարցով: Եթե չեմ սխալվում, դա բաց բաժնետիրական ընկերություն է: Եվ երբ բանը հասնի դրան, մենք նպատակահարմար ենք գտնում, որ ոչ թե ընկերությունն ընդունենք նվիրատվություն, այլ այդտեղ առկա առանձին գույքը: Եթե չեմ սխալվում, այդտեղ 25 առանձին անշարժ գույքի վկայական կա: Իսկ շարժական գույքն արդեն փոխանցողի որոշելու հարցն է:

- Քանի՞ գույք ունի պետությունը, որոնք այս պահին աճուրդի են հանվել, եւ դրանց ընդհանուր արժեքը որքա՞ն է գնահատվում: Կա՞ն արդյոք դրանց մեջ խոշոր գույքեր, ինչպիսին, օրինակ, «Գոլդեն Փելես»-ն է:

- Աճուրդի հանված խոշոր գույքերը շատ չեն: Խոշոր գույքերի դեպքում կառավարության որոշում պետք է լինի:

-Քանի՞ պետական մարմին այս պահին շինության խնդիր ունի եւ օգտվում է մասնավորի վարձակալական տարածքներից, եւ կոմիտեն արդյոք հնարավորություն ունի՞ բոլոր պետական կառույցներին տարածքով ապահովելու:

- Պետական մարմինները, որոնք ունեն շինության խնդիր, շատ են: Ամեն մեկը մի հանգամանքով է պայմանավորված: Ցավոք, այն բոլոր շենքերը, որոնք մենք պետք է առաջարկենք, գտնվում են անմխիթար վիճակում... Մենք, առհասարակ, ունենք քաղաքականություն՝ Երեւանի կենտրոնից պետական մարմինները ծայրամասեր տեղափոխելու եւ կենտրոնի թանկարժեք գույքն ավելի արդյունավետ օգտագործելու:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել