Գյումրու ծննդատան ճակատագիրն անորոշ է |armtimes.com|
09:11 - 22 մայիսի, 2019

Գյումրու ծննդատան ճակատագիրն անորոշ է |armtimes.com|

armtimes.com։ Եթե գյումրեցին վատառողջ է եւ կարիք ունի պոլիկլինիկայում ընդհանուր հետազոտվելու, ապա պետք է պատրաստ լինի, որ մարմինը մաս-մաս քննեն բժիշկները: Մի օր սիրտը, հաջորդ օրը թոքերը կամ աչքերը, շաբաթվա երրորդ, չորրորդ օրերը պետք է տրամադրի այլ օրգանների հետազոտությանը:

Բայց ոչ թե իր ցանկությունն է, այլ իրավիճակն է այդպես թելադրում: Գյումրու պոլիկլինիկաներում մասնագետներն ամեն օր չէ, որ աշխատում են: Ով էլ գալիս է, մի քանի ժամով է տարածքում: Անկախ գոյացած հերթերից՝ մինչ իր աշխատանքի ավարտը սպասարկում, գնում է:

Խնդիրը միայն Գյումրիում չէ, որ առկա է: ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց՝ հանրապետության այլ մարզերում եւս, նաեւ Երեւանում կա նման խնդիր:

«Հարցեր կան, որոնք նախարարությունը չպետք է լուծի: Նույնիսկ, եթե շատ ուզենա: Եթե մենք խնդիրը դիտարկենք գյուղերում, ուրեմն պետք է ամբուլատորիաների բժիշկների աշխատաժամերով էլ զբաղվեինք: Բայց դա սխալ մոտեցում է, քանի որ մենք լավ չգիտենք էդ հարցերը, մենք չենք կարող Երեւանում նստած իմանանք, թե ենթադրենք Գյումրու Բեռլին պոլիկլինկայի բժիշկների աշխատաժամերը ինչպես պետք է կազմակերպել՝ հաշվի առնելով քաղաքի եւ բնակիչների կարիքները:

Դրա համար կան լիազոր մարմիններ, որն այս դեպքում Շիրակի մարզպետարանն է, պետք է կազմակեպի այդ աշխատանքը: Պետք է մարզպետարանը ջանքեր գործադրի, որ հարցը կարգավորի: Դա պարզ կազմակերպչական խնդիր է, որը պետք է լուծի պոլիկլինիկայի տնօրենը:

Հաստիքները որոշվում են սպասարկվող բնակչության թվով, եւ, եթե բնակիչները քիչ են լինում, ապա բժիշկը կամ կես դրույքով է աշխատում, կամ 0.25 դրույքի վրա է լինում: Այդ հարցը պետք է կարգավորվի կոնսոլիդացիայով, երբ շատ բնակիչներ հավաքագրվեն մի բժշկի մոտ, բժիշկն ավելի երկար կաշխատի»,-ասաց Արսեն Թորոսյանը:

Այս բացը նախարարությունը փորձում է կարգավորել նաեւ ընտանեկան բժշկի ինստիտուտի զարգացմամբ: Չի բացառվում, որ առաջիկայում, օրինակ, նյարդաբանական ռեֆլեքսի ստուգման համար ընտանեկան բժիշկն այցելուին ոչ թե նյարդաբանի մոտ ուղարկի, այլ հենց ինքն էլ ստուգի:

Ի՞նչ ճակատագիր է սպասում Գյումրու ծննդատանը: Ներկա պահին որեւէ հստակ որոշում չկա: Նախարարի ձեւակերպումներից հասկանալի էր, որ ծննդատունը փակելու մտադրություն այս պահին չկա, սակայն բուժհաստատությունը խնդիրներից ազատելու ծրագիր եւս չկա: Թերծանրաբեռնվածությամբ աշխատելու պատճառը ծննդատան պատասխանատուները պայմանավորում են Գյումրիում բացված երկրորդ ծննդատան առկայությամբ: Նախարարն ասաց՝ սխալ կարծիք է:

«Մեկ հաստատության կողմից մեծ թվով ծառայությունների մատուցումը չի նպաստում ծառայությունների որակի բարձրացմանը: Կոնկրետ Գյումրու ծննդատան վերաբերյալ այս պահին որեւէ որոշում չկա, թե ինչ պետք է լինի: Գիտեմ, որ վիճակը լավ չէ, այսինքն, կարիք ունի որեւէ լուծման, ներդրումների կամ այլ ծննդատների հետ վերամիավորման:

Կարող եմ ասել, որ լուծումները չեն լինի բոլորին գոհացնող, դա միանշանակ է: Որեւէ ձեւով պետք է կոմպրոմիսի գնալ այդ հարցը լուծելու համար: Մենք չենք կարող բոլոր կողմերին գոհացնել: Այլապես կունենանք այն, ինչն ունենք այսօր: Նախնական բանավոր քննարկումներ կան մարզպետարանի հետ: Բայց դրանք վերջնական չեն: Մենք փորձում ենք հարցերին մոտենալ համապարփակ եւ ոչ թե կետային»:

Շարունակությունը՝ armtimes.com


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել