Գյումրիի և Վանաձորի երիտասարդները նորարարական լուծումների օգնությամբ կմասնագիտանան ոսկերչության եւ դիզայնի ոլորտներում
14:45 - 28 ապրիլի, 2020

Գյումրիի և Վանաձորի երիտասարդները նորարարական լուծումների օգնությամբ կմասնագիտանան ոսկերչության եւ դիզայնի ոլորտներում

Գյումրիի և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում տեղաբնակ տաղանդավոր երիտասարդները հնարավորություն կունենան ստանալու հմտություններ ոսկերչության և դիզայնի ոլորտներում:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ջանքերով և Bagheshian Jewellery ոսկերչական սրահի ու արտադրամասի հիմնադիր Էֆրին Բաղի աջակցությամբ:

Համագործակցության շրջանակում կկազմակերպվի 3D մոդելավորում (Rhino3D/ RhinoGold ծրագրի) դասընթացը, որի մասնակիցները, ստանալով անհրաժեշտ պրակտիկ հմտություններ, կընդգրկվեն Bagheshian Jewellery-ի համար յուրահատուկ զարդերի մոդելների պատրաստման գործընթացում:

Ծրագիրը Հայաստանում իրականացվում է առաջին անգամ և նպատակ ունի շաղկապել նորարարությունները ոսկերչության ավանդական արտադրության հետ՝ օգտագործելով մարզաբնակ երիտասարդների ներուժը:

Դասընթացի ընթացքում  (նաև առցանց եղանակով), որը կընթանա երկու փուլով, կվերապատրաստվի շուրջ 30  ուսանող:

Գործարար Էֆրին Բաղը կարծում է, որ նման նախաձեռնությունները կնպաստեն նորարարությունն ու արտադրությունը միավորելու գործընթացին:

«Այսօր աշխարհը փոխվում է, և, այդ փոփոխություններին զուգահեռ, երկու ոլորտների համագործակցությամբ կարող է ծնվել նոր մշակույթ, որում ակտիվ մասնակցություն կունենան Հայաստանի մարզերի երիտասարդները: Արդյունքում, ականատեսը կլինենք մարզերի համաչափ զարգացմանը, աշխատատեղերի ավելացմանը եւ արտագաղթի կանխմանը», - նշել է Էֆրին Բաղը:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն ընդգծել է.

«Համագործակցության շրջանակում կձևավորվի ոլորտների միջև երկխոսություն, արագ կգնահատվեն կարիքները և սեղմ ժամկետներում մասնագետների կողմից  կմշակվեն լուծումներ՝ տնտեսության թիրախային ճյուղերի համար»:

«Սա երկու կարևորագույն ոլորտների միջև երկարաժամկետ համագործակցության հնարավորություն է, երբ Հայաստանում ստեղծված համաշխարհային կարևորության նորարարական լուծումներն օգտագործվում են հենց Հայաստանի տնտեսության հզորացման համար», - ասել է Բագրատ Ենգիբարյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի խոսքով՝ այս ծրագիրը սկիզբն է նորարարական և ավանդական ոլորտների համագործակցության:

«Առաջիկայում կարող ենք դառնալ նորարարական կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումների մշակման գործընթացների ականատեսը նաև  գյուղատնտեսության, տեքստիլի և հատկապես տուրիզմի ոլորտների համար, ապահովելով վերջիններիս անխափան գործունեությունը արտակարգ իրավիճակներում», - նշել է Ավագ Ավանեսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել