Գլաձոր համայնքի ավագանին էլ մերժեց Վայոց ձորի մարզպետի առաջարկն ու կրկին ոչ ասեց մետաղական հանքարդյունաբերությանը․ ՀԲՃ
09:31 - 25 հուլիսի, 2019

Գլաձոր համայնքի ավագանին էլ մերժեց Վայոց ձորի մարզպետի առաջարկն ու կրկին ոչ ասեց մետաղական հանքարդյունաբերությանը․ ՀԲՃ

Վայոց ձորի մարզի Գլաձոր խոշորացված համայնքի ավագանին 2019թ․ ապրիլի 29-ին ընդունել էր որոշում, որով հավանություն էր տվել համայնքի 2152 բնակիչների ստորագրությամբ համայնքի ղեկավարին և ավագանուն ներկայացրած «Գլաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը:

Դրանից հետո Վայոց ձորի մարզպետը մի երկարաշունչ գրություն է ուղարկել Գլաձոր համայնքի ղեկավարին, որով առաջարկել է ողջամիտ ժամկետում հրավիրել ավագանու արտահերթ նիստ և անվավեր ճանաչել ավագանու վերոնշյալ որոշումը:

Գլաձոր համայնքի ավագանու 2019թ․ հունիսի 14-ի հերթական նիստում քննարկվել է նաև այդ որոշումն անվավեր ճանաչելու մարզպետի առաջարկն ու 0 կողմ, 7 դեմ, 0 ձեռնպահ ձայներով այն մերժվել է։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ մետաղական հանքարդյունաբերությունն արգելող հանրագրին հավանություն տալու ավագանու որոշումը մնում է ուժի մեջ, իսկ ուղիղ ժողովրդավարության գաղափարը շարունակում է տարածվել Հայաստանում։

Մնում է հասկանալ, թե ինչո՞ւ է ուղիղ ժողովրդավարության գործիքների միջոցով կառավարությունում հայտնված քաղաքական թիմը պայքարում համայնքային մակարդակներում այդ նույն եղանակի կիրառման դեմ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել