azatutyun.am: Եվրամիության առաջատար երկրի՝ Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը այսօր կժամանի Թեհրան՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ 2015 թվականին կնքված գործարքը պահպանելու համար:

Չորս տարի առաջ վեց գերտերությունների հետ ստորագրած այդ համաձայնագրով Իրանը պարտավորվել էր սառեցնել միջուկային փորձարկումները՝ Արևմուտքի տնտեսական պատժամիջոցները վերանայելու դիմաց: Անցած տարի, սակայն, Միացյալ Նահանգները միակողմանիորեն դուրս եկավ համաձայնագրից՝ վերականգնելով կոշտ պատժամիջոցները Իրանի նկատմամբ:

Ի տարբերություն Վաշինգտոնի, եվրոպական դաշինքը, այդ թվում՝ համաձայնագրի տակ ստորագրած Գերմանիան, ձգտում են ուժի մեջ թողնել գործարքը:

Թեհրան ժամանելուց առաջ Գերմանիայի արտգործնախարարը այցելել էր Հորդանան, Իրաք, ԱՄԷ և բոլոր կանգառներում ընդգծել՝ Իրանի հետ հնարավոր ռազմական բախումը լուրջ հետևանքներ կունենա ողջ տարածաշրջանի համար: «Մենք՝ եվրոպացիներս, վստահ ենք, որ պետք է ուժի մեջ թողնել Իրանի հետ ստորագրված միջուկային համաձայնագիրը և բանակցել, անգամ երբ տարաձայնությունները թվում են անհաղթահարելի», - ասել էր Հեյկո Մաասը:

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը երեկ հստակ ընդգծել է՝ Թեհրանը ոչ թե հայտարարություններ, այլ՝ կոնկրետ արդյունքներ է ակնկալում:
Անցած ամիս արդեն Իրանը ժամանակավորապես սառեցրել է միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորություններից երկուսը: