tert.am: Կցանկանայի իմանայի՝ ինչ փուլում, ինչ մակարդակի վրա են գազի գնի բանակցությունները: Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Մենք ունենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին դիմած «Գազպրոմ-Արմենիայի» հայտը: Իմ կարծիքն է, որ այդ հայտը պետք է մերժվի»,-ասաց նա և հիմնավորեց, թե ինչու:

Մելքումյանը նաև ուշադրություն հրավիրեց Վիճակագրական պետական կոմիտեի հրապարակած թվին, որտեղ օտարերկյա ուղղակի ներդրումների ներհոսքը 2018թ. համեմատ 2019թ. մոտ 45 տոկոսով կրճատվել է: «Դրա մեծ մասը պարտքով ձևակերպված են, և ներկրված գազի դիմաց վճարները հետ տանելն է»,-ասաց  նա:

Հարցին պատասխանեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ ստացել է  նամակի պատասխան, որով Գազպրոմը հայտնել է, որ հարցը պահում է իր ուշադրության ներքո, միևնույն ժամանակ նամակում նշվում է, որ հարցի վերաբերյալ կոնտակտները կլինեն կառավարության մակարդակով:

Ինչ վերաբերում է ներդրումներին՝ Մհեր Գրիգորյանն ասաց, որ մենք պետք է հասկանանք՝ ուզում ենք այդ ներդրումները, թե ոչ, եթե ուզում ենք՝ պատրաստ ե՞նք քննարկել սակագնի խնդիրը, թե ոչ:  «Մենք պետք է հասկանանք, որ չպետք է շատ չոր լինել, այսինքն կոնստրուկտիվ պետք է լինել, ի վերջո «Գազպրոմ-Արմենիան» հայկական ընկերություն է, և մենք պետք է ողջամիտ լինենք »,-ասաց նա: