Գագիկ Խաչատրյանի և Միքայել Մինասյանի մասնակցությամբ աննախադեպ ծավալների քրեական գործեր են քննվում. գլխավոր դատախազ |civilnet.am|
17:31 - 30 ապրիլի, 2020

Գագիկ Խաչատրյանի և Միքայել Մինասյանի մասնակցությամբ աննախադեպ ծավալների քրեական գործեր են քննվում. գլխավոր դատախազ |civilnet.am|

civilnet.am: Այս պահին մի քանի աննախադեպ ծավալի քրեական գործեր են քննվում տարբեր քննչական մարմինների վարույթում, որոնք վերաբերում են 10-15 տարի թաքցված ու արտոոնյալ տնտեսական գործունեությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի վերաբերյալ լրագրողների հարցին։ 

«Այդ տնտեսական գործունեությունը իրականացվել է շուրջ 100 ֆորմալ սուբյեկտների կողմից, ու ձեռք են բերվել որոշակի օպերատիվ տեղեկություններ, որ այդ այդ ամբողջ գործունեությունը ղեկավարվել է 1-2 կենտրոնից։ Նախնական սխեման այնպիսին է, որ այդ գործունեության արտոնյալ հատվածը այլ կերպ, քան կազմակերպված եղանակով չէր կարող իրականացվել։ Մեր երկրում այս ծավալի քրեական գործեր երբեք չեն քննվել»,- հայտարարել է Արթուր Դավթյանը՝ հավելելով, որ ամեն ինչ կազմակերպվել է այնպես, որ հետագայում դրա բացահայտման համար լրջագույն խոչընդոտներ լինեն։ Դատախազն ասել է, որ ղեկավարված սխեմայում մի քանի հարյուր միլիոն դոլարի շրջանառության մասին է խոսքը։ 

Դավթյանն նաև նշել է, որ այն փուլում, երբ ապացուցողական բազան բավարար կլինի, այդ պահից կսկսվեն հետապնդումներ։ Լրագրողների ճշգրտող հարցին՝ արդյոք հարուցված քրեական գործերի մասին արդեն հայտարարվե՞լ է, գլխավոր դատախազը պատասխանել է՝ աննախադեպ ծավալներով քրգործը վերաբերում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ կապված գործին և Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ կապված գործին։ 

«Մենք պաշտոնական տվյալ ունենք, որ Միքայել Մինասյանը երկրի տարածքում չի գտնվում»,- տեղեկացրել է Դավթյանը՝ ավելացնելով, որ հետախուզման աշխատանքներում համագործակցություն է լինելու նաև միջազգային գործընկերների հետ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել