#Բռնության_ձայնը․ իրական դեպքեր դատական գործերից |civilnet.am|
15:37 - 04 հուլիսի, 2019

#Բռնության_ձայնը․ իրական դեպքեր դատական գործերից |civilnet.am|

civilnet.am: Լրագրող Լյուսի Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում #բռնության_ձայնը հեշթեգով արշավ է սկսել՝ հրապարակելով իրեն ուղարկված բազմաթիվ նամակներ, որտեղ կանայք և աղջիկները, նաև՝ տղամարդիկ պատմում են իրենց նկատմամբ բռնության դեպքերի մասին։ Սոցիալական ցանցերում բուռն քննարկումներ են ծավալվել թեմայի շուրջ, պաշտոնյաները գրառումներ են անում, հնչում են կարծիքներ, որ նամակները հորինված են։ Որքան էլ հանրության մի ստվար զանգված փորձի խուսափել բռնության թեմայից կամ էլ այն որակի ուղղորդված՝ իրականությունը փաստում է, որ բռնության երևույթը ոչ միայն առկա է, այլև վտանգավոր տեսք ունի։ ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական տվյալներով միայն 2018-ին քննվել է ընտանիքում բռնության վերաբերյալ 519 քրեական գործ՝ 2017-ի 458 դեպքի դիմաց: Այս թվերը ևս փաստում են, որ դեպքերը գնալով՝ ավելանում են։ ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանն առանձնացրել է իրական դեպքեր՝ վերցված «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Դրանք բոլորն օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով քրեական գործեր են, որոնցով հանցագործությունն ապացուցվել է։ Գործող անձանց անունները փոխված են։

Հայրը քրոջը բռնաբարել է, չի կարողացել օգնել և որոշել է ինքնասպան լինել

2008-ին Արտուրը իր տանը ընկերոջ հետ ոգելից խմիչք է օգտագործել, երբ օղին ավարտվել է, իր դստերը՝ Անահիտին, հրահանգել է օղի բերել, վերջինս ասել է, որ խմիչք չկա տանը և հրաժարվել է գնալ խանութ՝ մթնշաղի պատճառով։ Հայրը սկսել է դստերը հայհոյել ու ծեծել, վիճաբանությանը խառնվել է տանը գտնվող կրտսեր դուստրը, փորձել է թույլ չտալ, սակայն հայրը նրան էլ է ծեծել ու դանակի սպառնալիքով հորդորել է գնալ իր սենյակ։

Այնուհետև Արտուրը դստերը՝ Անահիտին, տարել է սենյակ և բռնաբարել, մյուս դուստրը լսել է, սակայն վախեցել է խառնվել։ Անահիտը դատարանում պատմել է, որ բռնաբարությունը տևել է 5 րոպե։ «Բռնաբարության ընթացքում հոր դեմքը բավականություն է արտահայտել, և այնպես է իրեն պահել, կարծես թե իրեն բռնաբարելը սովորական երևույթ է»,- պատմել է աղջիկը։

Մի քանի րոպե անց Անահիտը տանից դուրս է եկել, փողոցում նրան հանդիպել են երկու երիտասարդներ՝ մեքենայով։ Նրանք առաջարկել են իրենց հետ գնալ Երևան։ Այդ երիտասարդներից մեկը աղջկան բռնաբարել է մեքենայում։

Անահիտի քույրը բռնաբարությունից հետո մտել է դեպքի վայր, տեսել քրոջ սենյակում տիրող վիճակը, հասկացել, որ հայրը բռնաբարել է նրան և որոշել է ինքնասպան լինել։ Վերցրել է մոր դեղահաբերը ու ութ հատ խմել, սակայն հոր ընկերը նրան նկատել է, տարել հիվանդանոց, որտեղ նրան անհրաժեշտ բուժօգնությու են ցուցաբերել։ Նա չի մահացել։

Բռանարարը դատապարտվել է 4 տարի ազատազրկման։ Նա հիմա ազատության մեջ է։

Չինացի կնոջ բռնաբարությունը Հայաստանում

2018-ին Արմանը սեփական մեքենայով Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում գտնվող «Խոր Վիրապ» վանական համալիրի մոտակայքում՝ կենտրոնական ճանապարհին, նկատել է մինչ այդ իրեն անծանոթ՝ Չինաստանի ժողովրդական Հանրապետության քաղաքացուհի Մի Սուին։ Նա ժեստերով աղջկան առաջարկել է տանել Երևան, սակայն գնացել են այլ վայր, որտեղ Արմանը գրկել է Մի Սուին, գցել գետնին, փորձել է պառկել նրա վրա, սակայն կինը դիմադրել է ու կծել երիտասարդի այտը և կրծքավանդակի ձախ հատվածը: Այնուհետև տղամարդը ծեծել է կնոջը, առաջարկել է ձեռնաշարժությամբ բավարարել սեռական կրքերը: Մի Սուն սպառնալիքների տակ կատարել է նրա պահանջը, սակայն այդ ընթացքում նկատելով իրենց ուղղությամբ շարժվող ավտոմեքենան՝ ընդառաջ է վազել այդ ավտոմեքենային և առանց վարորդի և ուղևորի հետ բառ փոխանակելու՝ նստել է ավտոմեքենան և նրանց հետ միասին հեռացել նշված վայրից:

Բռնարարը դատապարտվել է ազատազրկման 3 տարի և 3 ամիս ժամկետով։ Նա անազատության մեջ է ներկայում։

Նախկին ամուսինը ընկերների ներկայությամբ բռնաբարել է

Արմինեն պատմել է, որ 10 տարի առաջ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է մտել Արտուշի հետ: Համատեղ կյանքը չի ստացվել, և նրանք բաժանվել են, սակայն նախկին ամուսինը իրեն հետապնդել է, անգամ սպառնացել։ Նա մի քանի անգամ դիմել է ոստիկաններին, սակայն ապարդյուն։

2017-ին աշխատանքից վերադառնալիս իրեն է մոտեցել նախկին ամուսնու ընկերը, որն առաջարկել է մեքենայի մեջ խոսել ընտանիքը վերականգնելու հարցով։ Համաձայնվել է, երբ նստել են մեքենան, նախկին ամուսնու մեքենան մոտեցել է, մեջից դուրս է եկել Արտուշը և մի անծանոթ տղամարդ ու կնոջը բռնությամբ տեղափոխել են այլ վայր։ Այդ նույն վայրում ամուսինը ընկերների օգնությամբ բռնաբարել է նախկին կնոջը։ Այնուհետև այդ անձինք գնացել են, և նա մնացել է նախկին ամուսնու հետ, ընթացքում երկու անծանոթ տղամարդ է անցել, կինը խնդրել է օգնել, սակայն նախկին ամուսինը այդ մարդկանց ասել է, որ իր կինն է, ու նրանք հեռացել են։ Դրանից հետո Արտուշը Արմինեին մտցրել է մեքենայի բեռնախցիկը, մեքենան վարել երեք տարբեր վայրեր, յուրաքանչյուր վայրում հանելով բեռնախցիկից՝ պահանջել է հաշտվել, սակայն մերժում ստանալուց հետո նորից մտցրել է բեռնախցիկի մեջ: Վերջում տարել է նրա հոր գերեզմանի մոտ, որտեղ մեքենայում բռնություն է գործադրել կնոջ հանդեպ, սեռական բնույթի գործողություններ արել, պահանջել, որ հաշտվեն։ Արմինեն, զգալով, որ այլընտրանք չկա, համաձայնվել է։ Հետո տղամարդը կնոջը տարել է մի հյուրանոց և ստիպել, որ մերկանա իր ներկայությամբ։ Արմինեի կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ։ Երբ Արտուշը քնել է, Արմինեն դուրս է եկել հյուրանոցից, գտել մի անծանոթի, որի միջոցով զանգել է քրոջը և շտապօգնություն ու ոստիկանություն կանչել։

Բռնարարը դատապարտվել է ազատազրկման 4 տարի և 6 ամիս ժամկետով։ Նա հիմա անազատության մեջ է։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել