Բռնության բազմաձայնությունը տեր է փնտրում |media.am|
13:22 - 04 հուլիսի, 2019

Բռնության բազմաձայնությունը տեր է փնտրում |media.am|

media.am: Վերջին օրերին սոցցանցերում ահռելի ալիք ստեղծեցին #բռնության_ձայնը հեշթեգով գրառումները, որոնք երևացող դարձրեցին վաղուց հասունացած (այնքան հասունացած, որ անգամ փտման հասած) սեռական բռնության, չգիտակցված (կամ էլ գիտակցված, բայց լավ թաքցված) ընտանեկան ոտնձգության, մանկապղծության, ինցեստի, սեռական հարաբերությունները որպես պատժամիջոց կիրառվող կամ սեռական անբավարարվածությունը արդարացնող դեպքերը:

Շատ բան համընկավ հայկական սոցցանցային հատվածում, որը ուղղակի շոկի ենթարկվեց՝ դառնալով անանուն ու սարսափելի պատմությունների ընթերցող, հետևաբար նաև՝ վկա: Ֆեյսբուքի օգտատեր Լյուսի Քոչարյանը տարածեց այդ պատմությունները և շրջանառեց հեշթեգը:

Պատմությունները ընկան պարարտ հողի մեջ, քանի որ մինչ այդ հասարակությունն արդեն ծանոթացել էր չեխ նկարչուհու բռնության ենթարկելու ու դրա հետևանքների մասին «Հետքի» հոդվածին , նաև Մոսկվայում իրենց հորը սպանած, իսկ մինչ այդ տարիների ընթացքում բռնության ու սեռական ոտնձգության ենթարկված Խաչատուրյան քույրերի աղմուկ բարձրացրած դատավարությանն ու դրանից հետո սկսած բողոքի ցույցերին:

Մեդիա տարածքում տարբեր բռնկումներ էին լինում բռնության ու բռնաբարության մասին, բայց երբեք այսքան համատարած չի երևացել խնդիրը: Նաև լսելի չի եղել այդ խնդրին նայող հասարակության վերաբերմունքը:

Կան բաներ, որոնց մասին չես ուզում իմանալ, լսել, անգամ պատկերացնել, որ դրանք հնարավոր են: Բայց #բռնության_ձայնը ստիպում է, որ լսես ու ընդունես, որ հնարավոր է:
Ցանկացած բուժում ու մաքրագործում սկսվում է այդ ընդունելու փաստից: Չես վանում, աչք չես փակում, առավելևս չես հեգնում, ծաղրում ու մոդայիկ լեզվով ասած «ղժժում» սեռական բռնության զոհերի վրա, այլ ընդունում ես, որ ձայները կարող են հաճելի չլինել:

Սեռական բռնության հետ լուռ համակերպումը ընտանեկան, հանրային միջավայրում, դեպքերի ընթացքի բացակայությունը իրավապահ կառույցներում ու լրատվամիջոցների էջերում, բռնության զոհին խարան դարձնելը՝ վկայակոչելով ամոթն ու ապագայի վրա խաչ քաշելու սպառնալիքը, ի վերջո, չխրախուսվող միջամուսնական կապերի քարկոծումն ու կուսությամբ շանտաժ անելը, իհարկե, եղել է միշտ:

Բայց եղել է անտեսանելի և անլսելի: Եղել է որպես միֆական անհնարինություն: Օրինակ, հիմա, երբ Խաչատուրյան քույրերի հանդեպ բռնությունը ապացուցված է ու փաստագրված, շատերը (հիմնականում հայ համայնքի ներկայացուցիչները) մեղադրում են հենց քույրերին՝ ասելով, որ հայ հայրը նման բան չէր կարող անել, որ քույրերը հնարում են:

Պահպանողական հասարակությունները բռնության զոհերի հանդեպ հստակ վերաբերմունք ունեն:
Թվում է, որ պահպանողականը ամուրն է, անփոփոխը, իսկ բռնությունը ցնցում է, անոմալիա, որը վանելն ու թաքցնելը պետք է օգնի պահպանել այդ երևակայական ամրությունը:

Իրականում, ճիշտ հակառակն է՝ հայրիշխանական, պահպանողական հասարակության մեջ ավելի անդառնալի են բեկվում անհատների ճակատագրերը: Եվ անգամ սեռը կարևոր չէ, բռնաբարողը նույնպես զոհ է, քանի դեռ չի պատժվել:

Բնական է, որ #բռնության_ձայնը հեշթեգով պատմությունների տակ սոցցանցերի հայկական հատվածը արձագանքելու էր ու արձագանքում է բուռն ու հուզական՝ ի ցույց դնելով հասարակության մեջ եղած բոլոր բարդույթները:

Ցանցերը ունեն նաև խոսակցություն բացելու էֆեկտ, քանի որ օգտատերերին թվում է, որ ցանցերում իրենք պաշտպանված են անձնական կարծիք հայտնելու իրավունքով ավելի, քան իրական կյանքում: Ցանցերում մարդիկ ասում են այն, ինչը չէին ասի դիմացինի աչքերի մեջ նայելով: Ցանցերում ավելի հեշտ է լինել բռնություն կիրառող:

Անանուն սեռական դեպքերի զանգվածային տարածման դեմ խոսողները, դրանց իսկությունը կասկածի տակ դնողներն ու տարածողի անձի շուրջ տհաճ քննարկումներ խթանողները շատ լավ հասկանում են, որ կա մեկ անբեկանելի ճշմարտություն՝ զոհը մեղավոր չէ ոչ մի դեպքում:

Մեղավոր չէ ո՛չ բռնաբարության, ո՛չ մահափորձի, ո՛չ եղեռնի զոհը:

Անգամ եթե ապրում ենք մեկնաբանությունների, կարծիքների ու դիրքորոշումների բազմազանության ժամանակ, երբ իրականությունը ճանաչելի չէ, միևնույն է կան կասկածից վեր ճշմարտություններ:

Եվ դրանից կարևորը սա է՝ բռնության ենթարկվածին մեղադրելը թույլատրելի չէ:

Ի դեպ՝ նույնը անում էր Օսմանյան կայսրությունը՝ ասելով, որ հայերն իրենք են մեղավոր, որ ցեղասպանություն եղավ:

Պարզապես զզվելի է, երբ զոհերին քննադատողները փորձում են երևալ օրիգինալ, այսինքն «պոստմոդեռնիստական» ոճով՝ հեգնել զոհ համարվելու իրավունքը:

Իրականում, ցանկացած հեգնական (սրան տես, դու ո՞վ ես, որ խոսում ես), մեղադրական (չլինեիր գրավիչ՝ չէին բռնաբարի), կշտամբական (էդ ինչու՞ ինձ չեն բռնաբարում, իսկ քեզ բռնաբարում են, ուրեմն դու առիթ ես տվել) խախտում է այն պարզ ճշմարտությունը առանց որի աշխարհի կարգը դառնում է քաոս՝ կան բաներ, որոնք թույլատրելի չեն:

Բռնանալն ու բռնաբարելը թույլատրելի չէ: Իսկ այդ դեպքերի մասին լռելը նույնպես թույլատրելի չէ, թեկուզ հոգեկան փխրուն անդորրը վերջնականապես չփոշիացնելու համար:

 

Ավելին՝ media.am-ում

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել