Բորելը Փաշինյանի հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ դատաիրավական ոլորտում տեղի ունեցող զարգացումները
21:32 - 09 մարտի, 2020

Բորելը Փաշինյանի հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ դատաիրավական ոլորտում տեղի ունեցող զարգացումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները կարևորել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների ինտենսիվ զարգացումը և քննարկել Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին հետագա աջակցությանը վերաբերող հարցեր: Ժոզեֆ Բորելը հաստատել է Եվրոպական միության պատրաստակամությունը՝ աջակցելու բարեփոխումների իրականացմանը: Նա ողջունել է կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական և այլ ոլորտներում Հայաստանում տեղի ունեցող զարգացումները և ՀՀ կառավարության հաստատակամ ու հետևողական քայլերն այդ ուղղութամբ:

Որպես ՀՀ-ԵՄ համագործակցության կարևոր բաղադրիչ ՀՀ վարչապետը և Ժոզեֆ Բորելն անհրաժեշտ են համարել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի` ԵՄ պետությունների կողմից հնարավորինս արագ վավերացումն ու դրա լիարժեք կիրարկումը: 

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստան-Եվրամիություն մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հնարավորություններին:

Մտքեր են փոխանակվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի շուրջ: Ժոզեֆ Բորելը վերահաստատել է Եվրամիության աջակցությունը հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել