Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Կարմիր գրքում գրանցված կենդանիների և թռչունների վաճառքի վերաբերյալ հայտարարությունների հիմքով դիմել է ոստիկանություն
12:56 - 11 ապրիլի, 2020

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Կարմիր գրքում գրանցված կենդանիների և թռչունների վաճառքի վերաբերյալ հայտարարությունների հիմքով դիմել է ոստիկանություն

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ուսումնասիրել է վերջին շրջանում համացանցում տարածված վայրի, այդ թվում՝ նաև ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիների և թռչունների, նրանց ձագերի, խրտվիլակների, որսի արգասիքների (միս, կաշի, մորթի, ոսկորներ, կենսագործունեության արդյունքներ, օրգաններ ու հյուսվածքներ, ինչպես նաև որսորդական հաղթանշան հանդիսացող մարմնի մասեր՝ ժանիքներ, եղջյուրներ և այլն) վաճառքի վերաբերյալ հրապարակումներն ու հայտարարությունները և իրավախախտման բոլոր դեպքերով դիմել ՀՀ ոստիկանություն՝ գործերի հետագա ընթացքն ապահովելու, իրավախախտներին հայտնաբերելու ու օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:

 

Մարմինը տեղեկացնում է, որ «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ «Որսորդն իրավունք ունի տնօրինելու իր հայթայթած որսի կենդանիները և արգասիքները»։

Այդուհանդերձ՝ առաջին հերթին որսորդը պետք է ունենա որսի իրավունքը հաստատող փաստաթուղթ (արտոնագիր, կամ ուղեգիր), կամ պետք է հիմնավորի կենդանու կամ նրա արգասիքների ձեռք բերման օրինականությունը, այլապես այն կհամարվի հակաօրինական գործունեություն և կկիրառվեն համապատասխան վարչական, կամ քրեական պատասխանատվության միջոցներ։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը շարունակում է հետամուտ լինել 2007 թվականի ապրիլի 9-ի «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 2009 թվականի հունվարի 15-ի «Որսի կանոնները հաստատելու մասին» թիվ 9-Ն հրամանի և բնագավառին վերաբերող բոլոր օրենքների պահանջների կատարմանը։

Տեսչական մարմինը կոչ է անում զերծ մնալ անօրինական գործողություններից և պահպանել կենդանական աշխարհը և շնորհակալություն հայտնում կենդանական աշխարհի պահպանությամբ մտահոգ քաղաքացիներին և բնապահպաններին՝ սերտ համագործակցության համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել