Բա ինչի՞ համար են կառավարությունը, բյուջեն. վարչապետը՝ Ագրարային համալսարանում վերազինումները բարերարների օգնությամբ կատարելու մասին |tert.am|
11:48 - 15 ապրիլի, 2019

Բա ինչի՞ համար են կառավարությունը, բյուջեն. վարչապետը՝ Ագրարային համալսարանում վերազինումները բարերարների օգնությամբ կատարելու մասին |tert.am|

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այս պահին Ագրարարային համալսարանում են: Վարչապետը համալսարանում ծանոթացել է նոր լաբորատորիայի հնարավորություններին:

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ներկայացնելով վերազինումները, նշեց, որ բարերարների միջոցով է վերազինվում համալսարանը: «Աշխատանքները մշտապես տարվում են բարերարների հետ, քանի որ մեր բոլոր ենթակառուցվածքները վերազինելու համար մեծ գումարներ են պետք»,- ասաց ռեկտորը:

Վարչապետը հետաքրքրվեց՝ կա՞ ամբողջական հաշվարկ, որ եթե ամբողջական ծավալով վերազինվի համալսարանը, բյուջեն որքան կկազմի:
Ռեկտորը պատասխանեց, որ միայն ճարտարագիտական լաբորատորիաները վերազինելու համար անհրաժեշտ է 300 մլն դրամ, գրեթե այդքան գումար էլ հարկավոր է անասնաբուժական լաբորատորիաները վերազինելու համար:

Փաշինյանն էլ նկատեց, որ պետք է տրամաբանությունը փոխել: «Իսկ մենք համոզվա՞ծ ենք, որ չենք կարող մեր բյուջեի միջոցներից ունենալ ռազմավարության նախագիծ, և դա իրականացնենք, իհարկե, ով կցանկանա օգնել՝ շատ լավ: Որովհետև տպավորություն է՝ մենք ինչ ուզում ենք, գնում, բարերարներին ասում ենք՝ մի բան տվեք»,- ասաց վարչապետը և հավելեց, որ համոզված չէ, թե դա ճիշտ մոտեցում է:

Նա ընդգծեց, որ սա պետական նշանակության գործ է, և պետք է պետական մակարդակով էլ խնդիրը լուծել:

Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանն էլ նշեց, որ ծրագրեր ունեն, և որ պետությանն էլ կուղարկեն այդ ծրագրերը: «Գործընկերային հարաբերություններով ենք փորձել լուծել մեր խնդիրները, հիմա փաթեթային ծրագրերը կներկայացնենք նաև կառավարությանը»,- ասաց ռեկտորը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել