Բաքուն արձագանքում է ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթին |azatutyun.am|
08:48 - 27 սեպտեմբերի, 2019

Բաքուն արձագանքում է ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթին |azatutyun.am|

azatutyun.am։ Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին` ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, մասնավորապես, հակադարձել է Հայաստանի վարչապետի պնդումներին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարածքային պահանջների մասին վեճ չէ:

«Հայաստանի ղեկավարությունը հայտարարում է, թե հակամարտությունը պետք է կարգավորվի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի համար ընդունելի ձևաչափով: Հակամարտության կողմերը, սակայն, Հայաստանն ու Ադրբեջանն են:

Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանում կա հայկական և ադրբեջանական համայնք, ղարաբաղյան հակամարտությունը չունի կարգավորման այլ մոդել, քան՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյան:

Իր ելույթում անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին՝ վարչապետ Փաշինյանը մասնավորապես հայտարարել է.

«Ադրբեջանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ներկայացնում է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ: Մենք բնավ համաձայն չենք հակամարտության այդպիսի մեկնաբանության հետ: Դա վեճ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս վեճը տարածքային պահանջների մասին չէ:

Խոսքը մարդկանց մասին է, տղամարդկանց, կանանց և իրենց հայրենիքում ապրելու նրանց իրավունքի մասին, այնպես, ինչպես ապրել են իրենց նախնիները դարերի ընթացքում: Ցավոք, Ադրբեջանի իշխանությունները չեն ցանկանում խոսել այդ մարդկանց հետ և բանակցել նրանց հետ, քանի որ նրանք ցանկանում են ունենալ տարածքներ, բայց ոչ ժողովուրդ: Ավելի ճիշտ` տարածքներ, առանց ժողովրդի»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել