Բացասական գնահատական ստանալու դեպքում ես էլ ստիպված կլինեմ չդասախոսել․ ՀՊՏՀ-ում կանցկացվեն ուսանողական հարցումներ |armtimes.com|
13:01 - 07 մայիսի, 2019

Բացասական գնահատական ստանալու դեպքում ես էլ ստիպված կլինեմ չդասախոսել․ ՀՊՏՀ-ում կանցկացվեն ուսանողական հարցումներ |armtimes.com|

armtimes.com։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ դեռ չի հայտարարվել։ Համապատասխան օրենսդրությունը նախատեսում է, որ մրցույթն անցկացվելու է մինչեւ հուլիս։

Բուհն առայժմ ղեկավարում է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը, որը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նախորդ տարվա վերջին։ Իհարկե, սպասվում է, որ նա նաեւ հաղթելու է թափուր պաշտոնի մրցույթում։

Բայց մինչ այդ, Տնտեսագիտական համալսարանում սկիզբ է առել փոփոխությունների բավական երկար մի շարք, որի վերջին նորությունները վերաբերում են ժամավճարի խոստացվող աճին, պրոֆեսորադասախոսական անձնակազմի վերաբերյալ ուսանողների շրջանում անցկացվելիք էլեկտրոնային հարցումների հայեցակարգին։

Հայտարարվել է, որ այս տարվա սեպտեմբերից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ժամավճարային կարգով դասավանդման վարձատրությունը կավելանա շուրջ երեք անգամ՝ հասնելով 4 500 դրամի 1 դասաժամի համար: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր մուտքի համար դասախոսը կվարձատրվի 9 000 դրամի չափով: Այս պահին, դոցենտի դասախոսական 1 ժամի վարձատրությունը կազմում է 1 600 դրամ, իսկ գործնական պարապմունքինը՝ 1 400 դրամ: Այսպիսով նպատակ է հետապնդվում դասախոսական աշխատանքներում ներգրավել բարձրակարգ մասնագետների։

Ժամավճարի այս կտրուկ բարձրացումը հնարավոր է դարձել վերջին չորս ամիսների ընթացքում կատարված մասշտաբային տնտեսումների եւ անհարկի ծախսերի կրճատման հաշվին, որոնց գումարային մեծությունն արդեն մոտենում է 200 միլիոն դրամի:

Ինչ վերաբերում է բուհի մշտական դասախոսների վարձատրության չափի մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին, ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը պատասխանում է․ «Մինչ այժմ մեր համալսարանում ժամավճարի չափը արհեստականորեն իջեցված է եղել, ինչը լավագույն մասնագետներին վանել է ՀՊՏՀ-ում դասավանդելուց, սակայն մեր կատարած տնտեսումների հաշվին այժմ կարողացել ենք ժամավճարով դասավանդման վարձրատրության չափը եռապատկել՝ այդպիսով Տնտեսագիտական համալսարանում դասավանդումը դարձնելով գրավիչ բարձրակարգ մասնագետների համար:

«Էլեկտրոնային հարցումների միջոցով ուսանողների կողմից գնահատվելու են դասախոսները: Այդ գործընթացի արդյունքում ընտրված դասախոսների վարձատրության չափը տարբերակելու ենք, իսկ ուսանողների շարունակական դժգոհության պարագայում տվյալ դասախոսի հետ պայմանագիրը կլուծվի: Աշխատանքի այս պայմաններին պետք է պատրաստ լինեն Տնտեսագիտական համալսարանում դասավանդող բոլոր դասախոսները, այդ թվում նաեւ ես՝ որպես կառավարման ամբիոնի դասախոս: 

Ավելին՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել